Չի կարելի զուգահեռներ
անցկացնել տարբեր հակամարտությունների միջև, յուրաքանչյուր հակամարտություն եզակի
է, ունի իր ծագումնաբանությունը, պատճառներն ու լուծման եղանակները, ղարաբաղյան
հակամարտությունը բացառություն չէ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում
հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով
Ղրիմի և Ղարաբաղի հակամարտությունների
վերաբերյալ Ռուսաստանի Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի` Երևանում արած
հայտարարությունը:
Պատասխանելով այն հարցին,
թե ինչու Ղրիմն ընդգրկվել է Եվրասիական տնտեսական համագործակցության կազմում`
Ռուսաստանի հետ միասին, իսկ Լեռնային Ղարաբաղը զրկված է Հայաստանի հետ այդ
կազմակերպությանն անդամակցելու իրավունքից, Ռիժկովը, մասնավորապես, նշել էր. «Նախ,
անհրաժեշտ է կողմնորոշվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում: Իսկ Ղրիմը բուն
ռուսական տարածք է, որը հանձնվել էր Ուկրաինային Խրուշչովի որոշմամբ, իսկ այժմ կրկին վերամիավորվել է հայրենիքի
հետ»:
Անդրադառնալով
ռուսաստանցի խորհրդարանականի այդ հայտարարությանը` Շարմազանովը, մասնավորապես,
ընդգծել է. «Եթե պատմական էքսկուրսներ կատարենք այս կամ այն տարածքի բուն
պատկանելության առնչությամբ, ապա պետք է նշեմ, որ
Հայաստանը եղել է Արաքսի և Կուրի միաձուլման տարածքը, այդ մասին վկայում է
պատմական ժամանակագրությունը: Հայաստանի պատմությանը փոքր-ինչ ծանոթ յուրաքանչյուր
ոք գիտի, որ Արցախը նրա բուն տարածքն է: Եվ դա ես չեմ ասում, այդ մասին ինձանից
դեռ 2 հազար տարի առաջ ասել են հույն և հռոմեացի պատմաբանները»: