Հոկտեմբերի 10-ին կայացած ՙոչ իշխանական եռյակի՚ հանրահավաքը մեծ հաշվով վերջինիս նպատակները չհստակեցրեց: Հոկտեմբերի 24-ին ազդարարված է հաջորդ հանրահավաքը, սակայն գործողությունների հստակ օրակարգ հասարակությանն այդպես էլ չի ներկայացվել: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ են այսօր հետապնդում ՙոչ իշխանականները՚, և ի՞նչ քայլեր կարելի է նրանցից սպասել:
Հայաստանի քաղաքական դաշտում, իրականում, ոչ մի շարժում և ոչ մի քայլ չկա: Հայաստանի իշխանության և ՙոչ իշխանականների՚ միջև տեղի ունեցողը, որպեսզի ավելի կոպիտ բառեր չօգտագործենք, կարելի է որակել քաղաքական ինքնաբավարարում:
Մենք ապրում ենք իմիտացիաների ժամանակներում: Որպես ռեժիսոր` ես իմիտացիաներ եմ տեսնում ոչ միայն քաղաքականությունում, այլև` կյանքի այլ դրսևորումներում: Օրինակ, ժամանակակից երաժշտությունը, որպես կանոն, իմիտացիա է: Օրինակ, մեծ ժողովրդականություն վայելող ծրագրում մարդիկ, այլ մարդկանց նման գրիմվելով, երգում են նրանց ձայներով: Բայց չէ որ երաժշտությունը ժամանակի ամենաանմիջական արտահայտումներից մեկն է: Նոր գաղափարներ չկան գրականությունում, կինոյում: Կա միայն համատարած, սողացող, անանցանելի պոստմոդերնիզմ, որն արտահայտվում է հնի կրկներգերով: Գրական, երաժշտական և քաղաքական ուղիղ մեջբերումներով:
Կնշե՞ք քաղաքական պոստմոդերնիզմի ամենավառ օրինակը:
Խորհրդային Միությունը վերարտադրելու ռուսական ղեկավարության անհեթեթ, անիմաստ և անզոր փորձը քաղաքական հետմոդերնիզմի ամենավառ օրինակն է, որում մենք հիմա թպրտում ենք: Համապատասխանաբար`Ռուսաստանի վասալները տեղերում, որոնց թվում Հայաստանն ամենևին վերջին տեղը չի զբաղեցնում, պետք է վերարտադրեն նույն շարժումները`պայմանականորեն ասած, ղեկավարող կուսակցությունների մարզկոմների քարտուղարների մակարդակով: Միաժամանակ նրանք պետք է ինչ-որ հավատարմություն ցուցադրեն ՙարևմտյան արժեքներին՚, հակառակ դեպքում`փող չեն տա: Ահա թե ինչու այսօր Հայաստանի իշխանությունները ստիպված են երկու փոխբացառող երևույթների իմիտացիայով զբաղվել: Իսկ Երրորդ հայկական հանրապետությունը փոքր մատրյոշկաներից մեկն է նախկին ԽՍՀՄ մոդելի իմիտացիան մարմնավորող չար դիմագծերով մեծ մատրյոշկայի ներսում: Իրականում Հայաստանը, որպես պետություն, վաղուց դադարել է գոյություն ունենալ, ինչը դրսևորվում է թեկուզ վերջինիս նկատմամբ այլ երկրների վերաբերմունքով: Հաշվի առնելով, որ Հայաստանում չկա իշխանություն`չկա նաև ընդդիմություն: Իշխանությունը պետական բարդ ինստիտուտ է`բաղկացած դատական, գործադիր և օրենսդիր մարմիններից: Հայաստանում դատական անկախ մարմիններ չկան, խորհրդարանում չկան սեփական բիզնեսներից անկախ օրենսդիրներ:Ամենածիծաղելին այն է, որ ընդհանուր առմամբ չկա նաև անկախ գործադիր իշխանությունը, քանի որ, ըստ էության, կատարելու բան չկա: Այլ կերպ ասած`հոկտեմբերի 10-ից Հայաստանի ոչ պաշտոնական նախագահը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն է:
Դուք նշեցիք, որ իշխանությունը ժողովրդավարություն է ձևացնում, քանի որ հակառակ դեպքում Արևմուտքը ՙփող չի տա՚: Իսկ ինչի՞ է ձգտում ընդդիմությունը`մասնակցելով այդ խաղին:
Այդ խաղում, ինչպես և միշտ, ընդդիմությունը միշտ ձգտում է իշխանության, այսինքն` փողի: Եվ այժմ Հայաստանի ընդդիմությունը, նույնիսկ, ոչ թե ձգտում է, այլ շահադիտորեն հետամուտ է լինում փողի, քանի որ իշխանությունն արդեն սովորել է փող տալ` իշխանությունը կիսելու փոխարեն: Հասարակությունը դա տեսել է երեկ և շարունակում է տեսնել այսօր: Ճիշտ է, այսօր իրավիճակը փոքր-ինչ բարդացել է, և միաժամանակ երկու դրամարկղերից վերցնել, ինչպես Հայաստանում ընդունված էր մի 20 տարի, դժվարացել է: Երկու դրամարկղերը` ռուսականն ու արևմտյանը, պատուհանները փակել են և շատ հազվադեպ ու դժկամությամբ են փող տալիս: Այսինքն, պատկերավոր ասած, իրավիճակը Հայաստանի համար բարդացել է հայկական Նոյյան տապանը ռուսական խորտակվող ՙՏիտանիկին՚ կապելով, որն ընդսմին դեռևս նավի ուղետոմսեր է վաճառում: Կարծում եմ, որ Հայաստանում իշխանության ղեկին գտնվող մարդիկ, մեզանից ավելի իրազեկված լինելով, շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում:
Իսկ եթե բառացիորեն...
Տեխնոլոգիապես ավարտվում է 20-րդ նավթի դարը, հանուն որի վարվել են համաշխարհային և մյուս պատերազմների մեծ մասը,: Քաղաքական և գեղագիտական ձևավորումը, սովորաբար, ավելի ուշ է լինում: Սակայն այդ ֆոնին Հայաստանը, նույնիսկ այսօր, ավելի լավ ապագայի հնարավորություններ ունի, որոնք, դատելով ըստ ամենայնի, հերթական անգամ կմնան չօգտագործված: Այսօր Հայաստանը նույն ողբերգական իրավիճակում է, ինչպես` 1918-1920 թվականներին` 20-թվականի նախաշեմին: Խնդիրը բարդանում է այն առումով, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր հովանավորը` ռուսական հատուկ ծառայությունները, հայտնվելով միջազգային իզգոյի վիճակում, հասարակական գիտությունների բոլոր օրենքներով ձգտում են դեպի մերձագույն իզգոյը, որպիսին Ռուսաստանի համար Թուրքիան է:
Իսկ ահա այդ մասին ավելի մանրամասն...
Այդ երկու երկրներն այժմ կոշտ ընդդիմություն են արևմտյան քաղաքակրթության նկատմամբ, բնականաբար` գտնելով շփման ընդհանուր կետեր: Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է էժան նավթ, փոխարենն ստանալով գյուղատնտեսական մթերքներ և եվրոպական ընկերությունների, դրաձյալ իմիտացիոն, նմանակումներ: Այդ փոխլրացնող տնտեսական շուկաներն արդեն հանգեցրել են քաղաքկաան գործարքների: Էրդողանի և Պուտինի միջև արդեն ստորագրվել է գաղտնի դաշնագիր` նման Ռիբենտրոպ-Մոլոտով դաշնագրին, որի դիմաց այս անգամ վարձահատույց կլինի ոչ թե Լեհաստանը, ինչպես 39 թվականին, այլ Հայաստանը` 20 թվականին: Եվ որքան երկար երկիրը գտնվի Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության տակ, որոնք որոշում են, այսպես կոչված, Մաքսային միության էությունը, տնտեսությունն ու քաղաքականությունը, այնքան ավելի սարսափելի կլինի մոտալուտ աղետը: Տվյալ դեպքում հայ ժողովուրդն ստիպված է լինելու վարձահատույց լինել այլ հողերով, սակայն դրանից գործընթացը մեզ համար պակաս ցավոտ չի լինի: Նախապատրաստական գործընթացներն ավարտվում են, 2 միլիոն հայ արդեն լքել են Հայաստանը, իսկ մնացածները դիմադրելու փոխարեն գնում են այն կուսակցությունների հանրահավքին, որոնք, հարկավոր է նրանց արժանին մատուցել, անհարմար զգալով իրենց ընդդիմություն կոչեն, իրենց անվանում են ոչ իշխանական ուժեր:
Դուք նշեցիք Հայաստանի սպառնալիքները`պայմանավորված ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: Թե’ Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի հակառակորդները, թե կողմնակիցները համաձայն են մեկ բանում, որ սեպտեմբերի 3-ին ընդունված որոշումն այլընտրանք չի ունեցել: Արդյո՞ք Ռուսաստանի ապահոված անվտանգության գործոնն այդքան անայլընտրանքային է, ինչպես ներկայացնում են մեզ:
Անվտանգության տարբեր համակարգերի միջև ընտրություն միշտ կա: Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ անվտանգությունը բազմավեկտոր համակարգ է: Եվ որքան շատ են այնտեղ խարիսխները և հենարանները, այնքան ավելի հուսալի է այն գործում: Հայտնի է, որ չորս ոտքով աթոռն ավելի հուսալի է, քան` երեք ոտքով: Իսկ Հայաստանը նմանվել է դաշնամուրի աթոռի ու պտտվում է մեկ ոտքի վրա`մեկ վերև, մեկ ներքև: Այդպիսի ՙանվտանգությունը՚ անվտանգություն չէ, այլ պետական հանցագործություն, որն, ի դեպ, համաձայն ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի, նախատեսում է պաշտոնից նախագահի հեռացում: Այսօր հարցը միայն ազգային անվտանգությամբ չի սահմանափակվում. այն հասել է Հայաստանի`որպես պետություն, գոյության մակարդակի: Եվ նման հարցը չի կարող և չպետք է լուծվի մեկ մարդու կողմից, Առավել ևս, որ ոչ ոք չի մոռացել, թե ինչպես է նա այդ իշխանությունը երկու անգամ ստացել: Այնուամենայնիվ, կարծում եմ, այս ամենը վատ ավարտ կունենա: Այն, որ իշխանություններն անցում են կատարել բացահայտ ահաբեկչությանը և բնակչության ահաբեկմանը, ստիպում է ինձ ենթադրել, որ բնակչության առավել էմոցիոնալ մասը նույն կեպ կպատասխանի: Եվ արյամբ իշխանության եկած մարդիկ կհեռանան նույն կերպ, ինչպես որ եկել են: