Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը ձեռնտու է ամենից առաջ Ադրբեջանին, քանի որ վերջինս հանդես է գալիս գոյություն ունեցող ստատուս-քվոյի փոփոխման օգտին, որն ինքը չի ճանաչում: Այդ մասին ՙДень-ТВ՚ հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
ՙՀուսով եմ, որ հակամարտութան սրացումն արդեն տեղի ունեցած դրվագներից ավելի հեռու չի գնա: Խփված հայկական ուղղաթիռի հետ կապված միջադեպն արտառոց է: Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով իր հռետորաբանությունում չի բացառում պատերազմի վերսկսումը, բայց մինչ այժմ նման խոշորամաշտաբ միջադեպ չէր եղել՚,- ասել է Զատուլինը`ավելացնելով, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս տարիների ընթացքում ուղղաթիռային հաղորդակցություն է իրականացվել Երևանի և Ստեփանակերտի միջև: ՙԵվ եթե հիմա Ադրբեջանը Ղարաբաղի ներսում թռիչներ կատարող ուղղաթիռների ոչնչացմանն ուղղված քայլեր ձեռնարկի, դա փաստորեն մարտական գործողությունների վերսկսում կլինի՚,- նշել է փորձագետը:
Ըստ որում, Զատուլինը վստահ է, որ բոլոր սրացումները որոշակի հիմք ունեն: Ադրբեջանի համար կարևոր է համաշխարհային ուշադրության կենտրոնում պահել ղարաբաղյան հակամարտությունը`հիշեցնելու խնդրի չլուծվածության մասին: Հայաստանը և Ղարաբաղը, ըստ քաղաքագետի, իրենց հերթին չեն կարող թույլ տալ ստատուս-քվոյի որևէ խախտում, և դա որոշակի խնդիր է ստեղծում Ռուսաստանի համար, քանի որ վերջինս մի կողմից դաշնակցային պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ, մյուս կողմից`փոխհարաբերություններ է զարգացնում հարևան Ադրբեջանի հետ:
ՙՑանկացած սրացում ղարաբաղյան հակամարտության գոտում, այսպես թե այնպես, ընտրության առաջ է կանգնեցնում Ռուսաստանին, որը վերջինս չէր ցանկանա կատարել՚,- գտնում է փորձագետը:
Նրա կարծիքով, այս փուլում Ռուսաստանը շահագրգռված է ամեն գնով թույլ չտալ իրավիճակի սրացում, անշուշտ, հասկացնել երկու կողմերին, և ամենից առաջ`Ադրբեջանին, որ լարվածության ռազմավարությունը վերջին հաշվով կարող է շրջվել հենց Ադրբեջանի դեմ: Նրա խոսքով, չնայած տնտեսական հաջողություններին`Ադրբեջանում միշտ առկա են սոցիալական լարվածության պայմաններ:
ՙԿարծում եմ, որ ղարաբաղյան խնդիրը մեծ հաշվով լուծված է: Լեռնային Ղարաբաղը, անշուշտ, չի հրաժարվի իր անկախությունից: Բայց մինչև այդ անկախության ճանաչումը, հայկական կողմն, իհարկե, պետք է գնա Ադրբեջանին այն շրջանների հանձնման, որոնք այսօր փաստորեն վերահսկվում են Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից: Սակայն, այդ շրջանները հայկական կողմը որպես հաղթաթուղթ է դիտարկում բանակցություններում, և առանց համընդհանուր կարգավորման հասնելու դրանք բարի կամքով Ադրբեջանին չի տա: Իսկ ոչ բարի կամքով`պատերազմն է, ըստ որում`Ադրբեջանի համար բավականին անբարենպաստ լեռնային պայմաններում, երբ Ղարաբաղի ուժերը վերահսկում են փաստացի բոլոր բարձունքները, և ադրբեջանական կողմը պետք է մեծ կորուստների գնա`ինչ-որ առաջխաղացման հասնելու նպատակով: Այդ պատճառով, կարծում եմ, զինված հակամարտությունը զրոյական գումարով խաղ է, ու ավելի հեշտ կլիներ քաղաքական կարգավորման գնալ՚,-եզրափակել է Զատուլինը