Համահայկական բնապահպանական ճակատը
(ՀԲՃ) դարձյալ խախտումներ է հայտնաբերել «Խաչաղբյուր-1» և
«Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-երում:
Ինչպես ասվում է ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված
հայտարարությունում, նոյեմբերի 13-ին Տավուշի
մարզ այցի ընթացքում ակտիվիստներն ականատես են եղել «Խաչաղբյուր-1» և «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-երի ամբողջովին չոր ձկնուղիներին: Բացի այդ, «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը շահագործող «Մեգաէներջի» ՍՊԸ-ն
հերթական անգամ ամբողջովին ջրազրկել էր Պաղջուր գետը:
Հայտնաբերված խախտումների մասին ակտիվիստներն ահազանգել են Բնապահպանության
նախարարության թեժ գծին:
«Սակայն մեր ահազանգից մոտ 1,5 ժամ անց, տարածք եկան ինչ-որ
մարդիկ, որոնք բացեցին «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի ջրառի հանգույցի փականներն, ու գետի
ջուրն արդեն սկսեց հոսել իր բնական հունով: Ակնհայտ է, որ եթե այդ գործողությունից
հետո բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն այցելեն վերոնշյալ փոքր
ՀԷԿ-երի ջրառի հանգույցների տարածք, ապա ականատես կլինեն բոլորովին այլ պատկերի», - նշում է ՀԲՃ-ն:
Այդ իսկ պատճառով ՀԲՃ-ն դիմում է ՀՀ բնապահպանության նախարարին՝ առաջարկելով
խախտումների վերաբերյալ որոշումներ ակայցնելիս առաջնորդվել նաև հանրության կողմից
ներկայացված ակնհայտ փաստերով: Բացի այդ, ակտիվիստներն առաջարկում են բարձրացնել
բոլոր տեսակի բնապանպանական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը
և խստացնել պատժամիջոցները հատկապես այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնց
մոտ այդ խախտումները կրում են պարբերական բնույթ: Հանրային իրազեկվածության և
վերահսկողության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկվում է Բնապահպանության
նախարարության պաշտոնական կայքում ավելի
մանրամասն տեղեկատվություն զետեղել յուրաքանչյուր տնտեսվարողի մոտ անցկացված
ստուգումների վերաբերյալ, ինչպես նաև` տնտեսվարողներին տրամադրված շրջակա միջավայրի
վրա ազդեցության փորձաքննության բոլոր եզրակացությունները: ՀԲՃ հիշեցնում է, որ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի
20-րդ հոդվածի 5-րդ կետը հստակ սահմանում է, որ
փորձաքննական եզրակացությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է
տեղադրվի լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
ՀԲՃ նաև հիշեցնում է, որ օգոստոսին
ակտիվիստների ահազանգի արդյունքում «Խաչաղբյուր-1» և «Գետիկ-4» ՓՀԷԿ-երը
շահագործող ընկերությունները բնապահպանության նախարարության կողմից տուգանվեցին
100 000-ական դրամով, իսկ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը հերթական անգամ
խուսափեց որևէ պատժամիջոց կրելուց` չնայած ակտիվիսների ներկայացրած փաստերը լիովին
բավական էին համապատասխան պատժամիջոցներ կիրառելու համար:
Հիշեցնենք,
որ հանրապետության տարբեր մարզերում փոքր ՀԷԿ-երի կառուցման որոշ նախագծերի դեմ
արդեն անցկացվել են բողոքի ակցիաներ: Ինչպես բազմիցս նշել են փորձագետները, փոքր
ՀԷԿ-երը Հայաստանում պակաս վտանգավոր չեն էկոհամակարգի համար` նվազագույն
սանիտարական ջրառի և ձկնուղիների բացակայության պատճառով: