«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ Ընկերության
գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի ղեկավարությամբ, մասնակցում է ԱՊՀ երկրների երկաթուղային
տրանսպորտի հարցերով խորհրդի 61-րդ նիստին, որն անցնում է Բաքվում հոկտեմբերի
21-22-ին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից,
ՀԿԵ պատվիրակության մասնակցությունը համաձայնեցված
է ՀՀ տրանսպորտի և կապի ու արտաքին գործերի նախարարությունների հետ:
Նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի,
Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի
երկաթուղային վարչությունների ղեկավարները, ասոցացված անդամների՝ Վրաստանի,
Լատվիայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Լիտվայի,
Էստոնիայի և Իրանի պատվիրակները:
Նիստի ընթացքում մասնավորապես նախատեսվում է ամփոփել 2014 թ. երկաթուղիների
աշխատանքի արդյունքները, քննարկել գնացքների 2015-2016 թթ. չվացուցակների
նորմատիվները, 2015 թ. սակագնային քաղաքականությունը բեռնափոխադրումների ոլորտում:
ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի
փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային
տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման
համար:
Խորհրդի անդամ են հանդիսանում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը,
Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը: Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան հանդիսանում են կազմակերպության ասոցացված
անդամներ, իսկ Լիտվան և Էստոնիան կառույցի աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի
հիման վրա:
Խորհրդի
կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների
արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան և Իրանի Իսլամական Հանրապետության
երկաթուղիները: