21-րդ դարում ազգային եւ կրոնական անհանդուրժողականության պատճառով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնություններն անընդունելի են: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` Եզդիների ազգային միության անդամների հետ հանդիպման ընթացքում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից,
Շարմազանովը եզդիներին հավաստիացրել է, որ խնդիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության ուշադրության կենտրոնում է, եւ Հայաստանը իր հնարավորությունների շրջանակում պատրաստ է աջակցել ու սատարել բարեկամ եզդի ժողովրդին:
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը ներկայացրել է տիրող իրադրությունը եւ շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանություններին աջակցության համար: Նա նշել է, որ խնդիրը միջազգային կառույցներում բարձրաձայնելու հարցում եզդիական համայնքը ակնկալում է Հայաստանի Հանրապետության աջակցությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջազգային տարբեր կառույցներում եզդի ժողովրդի ողբերգական իրադարձությունների մասին բարձրաձայնումը՝ պատրաստակամություն հայտնելով խնդիրը բարձրացնել նաեւ խորհրդարանական հարթակներում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում եւս պարբերաբար հանդիպել ու քննարկել խնդիրները: