Արմինֆո.Այսօր ժամը 12:00-ին Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան:
Ինչպես հաղորդել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակից Գառնիկ Դանիելյանը, երթի մասնակիցները գիշերել են Սևանում:
"Սա մեր արձանագրած առաջին հաղթանակն է, որը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը կապված է իր հողին ու ջրին ։ Մենք միասին դեռ կարող ենք հաղթանակներ արձանագրել ։ Ես շնորհակալ եմ, որ դուք կաք, հայրենիքի տերեր, հայրենասերներ", - ասել է Դանիելյանը դեպի Երևան բազմամարդ երթի մասնակիցներին, որոնք Հայաստանի վարչապետից պահանջում են դադարեցնել ՀՀ ինքնիշխան տարածքների միակողմանի զիջումներն Ադրբեջանին:
Հավելենք, որ երեկ երեկոյան լրագրողների հարցին, թե արդյոք Եկեղեցին միացել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը, Բագրատ Սրբազանը պատասխանել է, որ առանց Վեհափառի օրհնության իրենք չեն գործում: "Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ մեզ հետ է։ Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում։ Հայոց Հայրապետը մեր հայրն է, որ օրհնում և առաջնորդում է մեզ", - ասել է արքեպիսկոպոսը:
Նշենք, որ մայիսի 4-ին Կիրանց գյուղից մեկնարկել է քայլերթ դեպի Երևան: Բագրատ Սրբազանը նշել է, որ մայիսի 9-ի կեսօրին երթը կհասնի Երևան և կոնկրետ պահանջներ կներկայացնի Հայաստանի իշխանություններին: Մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ արդեն իրենց աջակցությունն են հայտնել շարժմանը։ Երեկ երթի երկարությունը կազմել է մոտ 4 կմ։