Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կժամանի Հարավայիան Կովկաս՝ տարածաշրջանային շրջագայության:
Եմ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Կուպմանը մտադիր է այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։
Ապրիլի 30-ին Կուպմանը կայցելի Հայաստան։ Նրա այցը տեղի է ունենում ապրիլի 5-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպմանը հաջորդիվ՝ հետամուտ լինեու Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի հայտարարմանը: Այցի շրջանակում գլխավոր տնօրենը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը՝ ներառյալ երկրում ոլորտային համագործակցության ամրապնդումը և ԵՄ ներդրումները, ինչպես նաև բարեփոխումներին և տեղահանված անձանց ինտեգրման ուղղությամբ ԵՄ աջակցությունը: Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության անդամների հետ, այդ թվում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ պարոն Կուպմանը կհայտարարի ԵՄ-գերմանական համատեղ ծրագիրի մեկնարկի մասին, որը միտված է բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքներում էներգաարդյունավետությունը և կայուն էներգետիկ լուծումների հասանելիությունը։
Մայիսի 1-ին և 2-ին Կուպմանը կլինի Վրաստանում՝ քննարկելու ԵՄ-Վրաստան համագործակցությունը, ներառյալ Վրաստանի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի հետ կապված 9 քայլերի ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, վարչապետ Իրակլի Կոբախիձեին, ինչպես նաև կառավարության անդամների, այդ թվում՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիին և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին։ Նա հանդիպումներ կունենա նաև խորհրդարանական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ներդրումային գործընկերների հետ։ Կուպմանը կհայտարարի ԵՄ կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագրերի մեկնարկը՝ որոնք միտված են օգնելու վերականգնել Վրաստանի ոռոգման ցանցը, խթանել ներդրումներ վերականգնվող էներգիայի արտադրության հզորությունների ուղղությամբ և աջակցել տեղական արժույթով միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:
Մայիսի 3-ին և 4-ին Կուպմանը կայցելի Ադրբեջան՝ քննարկելու ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը` ներառյալ տարածաշրջանային միակցվածությանն ու վերականգնվող էներգիային առնչվող հարցեր՝ Ադրբեջանում նոյեմբերին հյուրընկալվող Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին ընդառաջ։ Նա կհանդիպի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին, ինչպես նաև արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի և թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևին։ Գլխավոր տնօրենը ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ միասին կհայտարարի Ադրբեջանում հակաականային գործողություններին ուղղված «Թիմ Եվրոպա» նախաձեռնության մեկնարկը, որը միտված է օգնելու լուծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են կարողությունների զարգացումը, ականների վտանգի մասին իրազեկումը և աջակցությունը տուժածներին: Միաժամանակ, Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին գլխավոր տնօրենը մեկնարկ կտա միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական ընդգրկման բարելավմանը միտված ԵՄ աջակցության ծրագիրը։