Արմինֆո. Ղազախստանի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացվի համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուն պես: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
"Հայաստանը դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին ", - նշել է նա:
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն համաձայնություն է տվել ղազախական հարթակում հանդիպմանը ։