Արմինֆո. Մոսկվան ափսոսում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հրապարակային քննադատություն թույլ տալ ՀԱՊԿ-ի հասցեին։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի մանիպուլյատիվ կերպով մատուցված հարցին։
"Եվ ոչ թե, պարզապես, քննադատություն, քննադատել կարելի է և պետք է, այլ՝ անհիմն։ Մենք խոսում ենք անհիմն քննադատության մասին։ Դա այն դեպքում, երբ կազմակերպության ղեկավարությունը, քարտուղարությունը հաստատել են հանրապետության նկատմամբ բոլոր պարտավորությունների լիակատար պահպանումը՝ ՀԱՊԿ կանոնադրական նպատակներին և սկզբունքներին լիովին համապատասխան", - ասել Է Զախարովան։
Նա կրկին հիշեցրել է, որ կազմակերպությունը գոյության 30 տարիների ընթացքում ապացուցել է իր ինքնուրույնությունը, արդյունավետությունն ու պահանջվածությունը Հարավային Կովկասում:
"Երևանի համար դրական է նաեւ այն, որ ՀԱՊԿ-ն ամբողջությամբ հաշվի է առնում Հայաստանի ազգային ինքնիշխանությունը, այլ ոչ թե ճնշում է այն, ինչպես դա բնորոշ է Արևմտյան ռազմաքաղաքական դաշինքներին։ Որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մեջ է մտնում Հայաստանի տարածքը։ Հայ-ադրբեջանական սահմանի պարագայում, ինչպես հասկանում ենք, Բաքվում և Երևանում համաձայնել են առաջնորդվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով: Ըստ այդմ, Հայաստանի ղեկավարությունն ընդունում է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է հստակեցնել սահմանագիծը տեղանքում և լուծել վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը։ Ինչպե՞ս կհրամայեք գործել ՀԱՊԿ-ին, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր։ Թե՞ դրա համար էլ ՀԱՊԿ-ն է մեղավոր", - հարցրել է նա։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցին՝ Զախարովան կրկին հայտարարել է, որ ընթանում է հավաքական Արևմուտքի երկրների, Արևմուտքի առանձին պետությունների համակարգված ներդրումն այդ տարածաշրջանում և՝ բնավ ոչ խաղաղարար նպատակներով, այլ իրավիճակն ապակայունացնելու, հետախուզական տեղեկատվություն հավաքելու նպատակով: Նա կրկին մեղադրել է Արևմուտքին խաղաղ կարգավորմանը վնասելու և տարածաշրջանային խաղաղությունը խաթարելու համար։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել էր, թե չգիտի այն հարցի պատասխանը, որը տալիս է հայ հասարակությունը իշխանություններին. ինչու է Երևանը մնում ՀԱՊԿ կազմում: Նրա խոսքով ՝ ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմները չաշխատեցին, երբ Հայաստանի սահմանները խախտվեցին 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին՝ պատճառաբանությամբ, որ երկրի սահմանները սահմանազատված չեն ։ Իսկ փետրվարին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը "սառեցրել է" իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին ։