Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ն առաջարկում է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացել: Համապատասխան որոշում է կայացվել ապրիլի 25-ին կառավարության նիստում։
Ինչպես նշում են որոշման նախագծի հեղինակները փաստաթղթին կից պարզաբանման մեջ, 2022 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել մեկ, այնուհետև մինչև երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: <Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարող է նպաստել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: 2022 թվականի հոկտեմբերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացումը կապահովի փոխադարձության սկզբունքի իրագործումը>, - կարծում են դիվանագիտական կորպուսում:
Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, և գլխավոր հյուպատոսության բացումը մեծապես կնպաստի երկու վարչատարածքային միավորների միջև առևտրային, սոցիալ-մշակութային, միջանձնային և զբոսաշրջային կապերի հետագա զարգացմանը, նշել են ԱԳՆ-ում: