Արմինֆո. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր թելեգրամյան ալիքում գրառում է կատարել, որում մեջբերել է 2018 թվականի հեղափոխության հիմն դարձած երգի տողերը: «Սա հույսի առկայծող ճանապարհ է, Սա գրվող պատմություն է մի նոր»,- գրել է նա՝ զետեղելով համապատասխան գրառում և լուսանկար ՀՀ վարչապետի էջից:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքում հաղորդել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ն ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: Նույն օրը երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, դժգոհ լինելով Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: