Արմինֆո.Հայաստանի սահմանների պաշտպանության հարցերով զբաղվելու են սահմանապահ զորքերը։ Այս մասին ապրիլի 20-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ սահմանների պահպանության տրամաբանությունը պետք է փոխվի։ Ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունները մշտական կապի մեջ են եւ պետք է պայմանավորվեն վերահսկողության մեխանիզմների շուրջ՝ սահմանների սահմանազատման գործընթացն իրականացնելուց հետո:
Ինչ վերաբերում է 2021 թվականի օգոստոսին Ոսկեպար գյուղի շրջանում տեղակայված ռուս սահմանապահներին, ապա նրանք, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, դուրս կբերվեն Տավուշի մարզից։ Փաշինյանը հիշեցրել է, որ ռուս սահմանապահները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայվել էին այլ իրավիճակում, որն այսօր էապես փոխվել է: Վարչապետը հավելել է, որ տվյալ դեպքում խոսքն արդեն լինելու է պետական սահմանի, այլ ոչ թե՝ առաջնագծի մասին։ Այդ իսկ պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում օպերատիվ կարգով կտեղակայվեն հայ սահմանապահներ։ "Մենք գործ ունենք պատմական իրադարձության հետ, եւ ես չեմ բացառում, որ ճանապարհներին կհայտնվեն "Հայաստանի Հանրապետություն" եւ "Ադրբեջանի Հանրապետություն" նշանները, պետք է գնահատել դա", - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են մինչև հուլիսի 1-ն ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը։ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, կողմերը պայմանավորվել են, որ սահմանազատման գործընթացում երկրները հիմնվելու են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Ըստ պայմանավորվածության ՝ այս սկզբունքը կամրագրվի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծում։ Փաստաթղթի հաստատումից հետո կողմերը կհամաձայնեցնեն հերթականությունը և կշարունակեն սահմանի մյուս բոլոր հատվածների սահմանազատման գործընթացը։
Նշենք, որ ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպումը, որի արդյունքում, ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, մասնավորապես, «սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»: