Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 17-ի որոշմամբ սահմանվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք:
Ռազմական կցորդ նշանակելու մասին որոշում էր կայացվել ապրիլի 12-ին՝ ՀՀ կառավարության նիստում: Ինչպես նշվում էր կառավարության հաղորդագրությունում, Հայաստանի Հանրապետությունը կունենա Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ, ով կիրականացնի երկու պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ: Հնարավորություն կստեղծվի ՀՀ պաշտպանության նախարարության համար Միացյալ Թագավորությունում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև բարեկամական հարաբերությունները և փոխվստահությունը հիմնված է ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա և ունի զարգացման լուրջ հեռանկարներ: Հայաստանը, հանդիսանալով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետություն, մեծապես արժևորում է Միացյալ Թագավորության գործուն դերակատարությունը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման, պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համատեքստում: