Արմինֆո.Փաստաբանների այն հայտարարության առնչությամբ, որ քաղաքացի Սամվել Վարդանյանը քննության ընթացքում ենթարկվել է խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, պետք է անհապաղ քրեական վարույթ նախաձեռնվի: Այդ մասին ասվում է Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի հայտարարությունում:
«ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ հետևյալը.
1. Փաստաբանների այսօրվա հաղորդումները պետք է արժանանան քննության անհապաղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթը պարտադիր է։ Եթե անգամ կարգապահական քննություն սկսվի, դա որևէ կերպ չի նշանակում, թե քրեական վարույթ կարող է չնախաձեռնվել։ Քրեական նույն վարույթով պետք է ստուգվեն նաև քաղաքացուն տեսակցած ԱԺ պատգամավորների հաղորդումները։
2. Փաստաբանների հաղորդումներն այն աստիճան մանրամասն են, որ ապահովում են առերևույթ հավաստիություն և իրավունքի ուժով ստեղծում դրանց բացառապես քրեական վարույթով պատասխանելու պետության պարտականություն։ Միջազգային կանոնը հստակ է. եթե պետությունը չի կարողանում քրեական վարույթով փաստարկված հերքել այդ տվյալները, ուրեմն արարքը համարվում է ապացուցված։
3. Փաստաբանների հաղորդումները լիարժեք համապատասխանում են Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման արարքին, որն իրականացվել է անձին ուժեղ ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառող արարքներով ինչ-որ դիմակավորված մարդկանց կողմից։ Այն ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ։
4. Պետք է քննության առարկա դառնան թե՛ քաղաքացուն ուղեկցող Ոստիկանների արարքները, թե՛ այն դիմակավորված անձանց արարքները, որոնք, ինչպես փաստաբանների հաղորդումներն են վկայում, խոշտանգման են ենթարկել Սամվել Վարդանյանին։ Այդ արարքների բացահայտումն ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելը պարտադիր է նաև նման չափազանց վտանգավոր դրսևորումները հետագայում կանխելու ու իրավունքի գերակայություն այս հարցերում երաշխավորելու համար առհասարակ։
5. Այս գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի, այսինքն՝ քաղաքական [կառավարող] իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձի հրապարակային այն հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է քաղաքացուն վիրավորական բառերով նրա անդրադարձը և ենթադրաբար՝ իրավապահ մարմիններին ուղղված նրա անթույլատրելի ուղղորդման ձևակերպումը։ Դա ապացուցվում է քննչական մարմնի երեկվա արձագանքի ձևով և հատկապես խոշտանգման վերաբերյալ փաստաբանների այսօրվա հաղորդումներով։
6. Այսինքն՝ քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
Մասնավորապես, պետք է պարզել արդյոք քաղաքական իշխանության տվյալ կամ այլ պաշտոնյա կապ ունի Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպելու հետ՝ դիմակավորված անձանց ներգրավման ու ուղեկցող ոստիկանների հովանավորությունը ստանալու ձևով։
Հաշվի առնելով փաստաբանների հաղորդմամբ ներկայացված խոշտանգման դեպքի բացառիկ բնույթը (ոստիկանների պատասխանատու վերահսկողության ներքո գտնվող քաղաքացու խոշտանգումը դիմակավորված անձանց կողմից)՝ մենք այս հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով ոչ միայն հրավիրել նրանց ուշադրությունը դեպքին, այլ նաև ապահովել նրանց վերահսկողությունը քրեական վարույթի նկատմամբ», - ասվում է Թաթոյանի հայտարարությունում։
Հավելենք, որ ՄԻՊ գրասենյակն այդ միջադեպին արձագանքել է միայն մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հասցեին հնչած քննադատությունից հետո: Հաղորդագրության մեջ, ինչպես միշտ, հերթապահ խոսքեր են օգտագործվել Վարդանյանին այցելելու և միջադեպի վերաբերյալ քննարկումներ նախաձեռնելու մասին: Ընդ որում, Մանասյանն ընդգծել է, որ բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։ «Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության: Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։ Միևնույն ժամանակ, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող ցանկացած խոսքի կիրառումից և վարքագծից։ Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։ Ավելին, հանրային և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները պետք է ոչ միայն զերծ մնան նման խոսքի կիրառումից, այլև իրենց գործելակերպով հակազդեն դրա ցանկացած դրսևորման», - ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։
Անկախ դիտորդների կարծիքով, սա առաջին դեպքը չէ, երբ մարդու իրավունքների պաշտպանության գործառույթով օժտված անձը ՝ Հայաստանի օմբուդսմենը, իր քաղաքական պատվերով պայմանավորված, անտեսում է ՀՀ գործող իշխանությունների կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումները:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացու և "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորի միջև: Քաղաքացի Սամվել Վարդանյանը, ավտոբուսում նստած պատգամավոր Ասլանյանին ճանաչելով, նրան անվանել էր "հակահայ վիժվածք" որը «որոշել է մարդամեջ դուրս գալ»: Այդ խոսքերն առաջացրել էին պատգամավորի զայրույթը, որը կոպիտ կերպով հայհոյելով, պահանջել էր իրեն ճանապարհ տալ, իսկ հետո բռունցքներով հարձակվել էր երիտասարդի վրա։ Վարդանյանին նույն օրը ձերբակալել էին, նրան խուլիգանության մեղադրանք առաջադրելով, թեև, ըստ իրավապաշտպանի, այստեղ խուլիգանության հատկանիշ չկա: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով տեղի ունեցածին, մասնավորապես գրել էր. "Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք ՀՀ ԱԺ 69-ամյա պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմների մասնակից է: Այդ խուլիգանական արարքը շատ արագ կստանա օրենքի ամենախիստ արձագանքը, թող ոչ ոք չկասկածի"։
Ապրիլի 16-ին մամուլի ասուլիսում Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը պատմել է, որ Քննչական կոմիտեից մեկուսարան տանող ճանապարհին իր պաշտպանյալին դաժան ծեծի են ենթարկել դիմակավորված երեք անձինք: Տուժողի թույլտվությամբ ներկայացնելով ծեծի մանրամասները՝ Հարությունյանը նշել է, որ նման վերաբերմունք կարելի է հանդիպել միայն Բաքվի բանտերում հայ գերիների նկատմամբ։