Արմինֆո.Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ "Պատմական Հայաստանը" այսպես կոչված "Իրական Հայաստանին" հակադրելու փորձերին:
«Զբաղվածության պատճառով նոր եմ իմանում «Պատմական Հայաստանն» ու «Իրական Հայաստանն» իրար հակադրելու մասին գերագույն դավաճանի բարբաջանքի մասին։ Պարզ ասած՝ այդ մարդը կոչ է անում հակադրել հոգևորը («պատմականը») մարմնականին («իրականին») և անցնում է մարմնականի կողմը՝ փաստացի պատերազմ հայտարարելով «Պատմական Հայաստանին»։
Այդ մարդու պատկերացրած «Իրական Հայաստանը» ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ խիղճ ու կեցվածք ու հիշողություն չունեցող, միայն լափելու ու սպառելու մասին մտածող մարդկանց կույտ։ Սա՛ է նրա իդեալը։
Մինչդեռ հարցը ոչ թե պատմականի ու իրականի միջև ընտրությունն է, այլ դրանց համադրումը՝ ճիշտ այնպես, ինչպես անհնար է մարդուն պատկերացնել ո՛չ առանց մարմնի և ո՛չ էլ առանց հոգու։ Ահա այստեղ է գերագույն դավաճանի մանիպուլյացիան՝ նա հակադրում է այն, ինչը պետք է համադրել», - գրել է Մելիքյանը՝ «ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետը հանդես էր եկել հերթական փայլուն գաղափարով, որը ոչ միայն ապազգային է, այլև՝ հակապետական: Մասնավորապես, Փաշինյանը կոչ էր արել արձանագրել Պատմական Հայաստանի գաղափարին վերադառնալու ռազմավարական անհնարինությունը։ Նրա պատկերացմամբ, որը նա փորձում է հայ ժողովրդին պարտադրել, "Պատմական Հայաստանը" և "Իրական Հայաստանը" հակոտնյա են և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Նրա խոսքով ՝ "Պատմական Հայաստանը", կամա թե ակամա, արձագանքում է մի շարք երկրների, որոնք ոտնահարում են Իրական Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Այսպիսով, հայկական պետության առաջին դեմքն իր ժողովրդից պահանջում է մոռանալ իր անցյալը, ինչը ոչ միայն անտրամաբանական է, այլև օբյեկտիվորեն հակասում է ազգային շահերին, այլ կերպ ասած ՝ հանցավոր: