Արմինֆո. ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի "Կրոկուս Սիթի Հոլ" առևտրի և զվարճանքի կենտրոնում դաժան ահաբեկչությունը դատապարտող հայտարարությամբ։
"Մենք՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներս, խստորեն դատապարտում ենք դաժան և ցինիկ ահաբեկչական հարձակման ակտը, որը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում և հանգեցրել է բազմաթիվ զոհերի խաղաղ քաղաքացիների շրջանում", - ասված է հայտարարության տեքստում, որը հրապարակվել Է ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքում:
Կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն պայքարել ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ, ինչպես նաև հակազդել ահաբեկչական կազմակերպությունների շարքերում հավաքագրմանը:
Հայտարարությունում ասվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են գալիս ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդման գործում հետագա համախմբման օգտին՝ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ համաշխարհային մակարդակով:
Մինչդեռ, ինչպես հայկական ԶԼՄ-ներին հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակի մամուլի քարտուղարը, Հայաստանը չի միացել ՀԱՊԿ ԽՎ-ի՝ "Կրոկուս Սիթի Հոլում" տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը, քանի որ նրա անդամակցությունը կազմակերպությանը "սառեցված է":
Նա նաև հավելել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել իր ԹԳ-ալիքով, իսկ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ահաբեկչական գործողությունը դատապարտել է Ժնևում ելույթի ժամանակ:
Նշենք, որ Մերձմոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը 140 մարդու կյանք է խլել, այդ թվում ՝ 3 երեխայի: Ավելի քան 180 մարդ է տուժել։ Զոհվածների ցուցակում կա Հայաստանի մեկ քաղաքացի ՝ Լիլիթ Իսրայելյանը։