Արմինֆո. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում Հայաստանի համար անընդունելի կետեր կան, դրա համար էլ մենք ընդհանուր հայտարարի չենք եկել։ Այս մասին մարտի 23-ին ճեպազրույցում հաղորդել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Այդ առնչությամբ նա նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքներ են տարվում բոլոր գործընկերների, մասնավորապես, ԵԱՀԿ համանախագահ երկրների հետ, որոնք աջակցում են դրա ստորագրման գործընթացին: "Յուրաքանչյուր առաջարկի վերաբերյալ մենք հաղորդակցվում ենք մեր միջազգային գործընկերների հետ և ներկայացնում ենք հիմնավորումներ, թե ինչու ենք այս կամ այն կերպ արձագանքում ադրբեջանական կողմի առաջարկներին։ Չէ որ մենք գործ ունենք ապակառուցողական քաղաքականություն վարող պետության հետ", - պարզաբանել է ՔՊ խմբակցության քարտուղարը։
Խորհրդարանականի կարծիքով, խաղաղության այս գործընթացում առաջ շարժվելու համար անհրաժեշտ է մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ՝ դիվանագիտական խողովակներով: "Մենք շարունակելու ենք առաջ գնալ՝ ելնելով Հայաստանի պետական շահերից, որպեսզի ստորագրվի խաղաղության պայմանագիր, որն ապահովի երկրի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը", - ընդգծել է խորհրդարանականը:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաղորդել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել ադրբեջանական կողմից, որոնց վրա այժմ աշխատում է: