Արմինֆո.Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գործարար Ռուբեն Վարդանյանին առաջարկել է զբաղեցնել ԼՂՀ պետնախարարի պաշտոնը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Հարությունյանը։
«Հարգելի՛ հայրենակիցներ, կուզեի ձեզ տեղեկացնել իմ կողմից կայացված շատ կարևոր մի որոշման մասին:
Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:
Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ:
Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը», - գրել է Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ Արցախ մշտական բնակության տեղափոխվելու մասին: Forbes ամսագիրը 2021 թվականին գործարարի կարողությունը գնահատել է 1 մլրդ ԱՄՆ դոլար։
Այն ժամանակ ԱրմԻնֆո-ն, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Արցախում աշխատանք սկսելու առաջարկը Վարդանյանն ստացել էր մի քանի ամիս առաջ և մտորումների մեջ է եղել։ Այժմ նա ընդունել է այդ առաջարկը և, հավանաբար, սկզբնական շրջանում կստանա Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը։ Հաջորդ տարի Վարդանյանը կարող է հավակնել չճանաչված հանրապետության նախագահի պաշտոնին։ Քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանի ապագա կարիերան կախված կլինի շատ հանգամանքներից։