Արմինֆո.Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան Քրիստոֆ Բուիսոնը վրդովմունք է հայտնել այն առնչությամբ, որ ԵՄ-ն և Ֆրանսիան ներգրավված չեն Հայաստանին զենք վաճառելու գործընթացում: Այդ մասին նա գրել Է Twitter-ի իր միկրոբլոգում։
Մասնավորապես, Le Figaro-ի ներկայացուցիչը մեկնաբանել է նախօրեին սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը՝ նոր ռազմական ագրեսիայով սպառնացող ադրբեջանցիներից պաշտպանվելու համար Հայաստանին զենք վաճառելու հարցի շուրջ ԱՄՆ Կոնգրեսում քննարկման մասին: "Իսկ ԵՄ-ն։ Իսկ Ֆրանսիա՞ն",- հարց է ուղղել Բուիսոնը՝ ավելացնելով #SaveArmenia #StandByArmenia #ArmenianLivesMatter հեշթեգերը։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայ Ազգային Կոնգրեսը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է զենք վաճառել Հայաստանին։ "1991 թվականին Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգները Կոնգրեսի երկու պալատների մշտական ճնշման ներքո դիտարկում է հանրապետությանը ամերիկյան սպառազինություն վաճառելու հնարավորությունը", - ասված է հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ ընդգծվում է, որ այդ սպառազինությունը Հայաստանին թույլ կտա պաշտպանվել Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող անողոք ագրեսիայից եւ էթնիկ զտումից:
Նշենք, որ Հայաստանին ամերիկյան սպառազինության հնարավոր վաճառքի մասին խոսակցությունները նոր չեն։ Այդ մասին դեռևս 2018թ. հոկտեմբերին Երևանում ասել էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ։