Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդում է, որ կատակել է, երբ ասել է, թե հրաժարական կտա, եթե 2021 թվականի արդյունքներով չհաջողվի ապահովել ՀՆԱ-ի երկնիշ աճ: Էկոնոմիկայի նախարարը նաև զարմանում է, թե ինչու նույն սկզբունքայնությամբ նրա ընդդիմախոսները չեն "թակում ԱՄՀ-ի, ՀԲ-ի և մյուս միջազգային կազմակերպությունների դռները", երբ նրանք սխալվում են իրենց կանխատեսումներում։
Հունվարի 19-ին ԱԺ նիստում ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նախարարից հետաքրքրվել է, թե երբ է պատրաստվում հրաժարական տալ, միացնելով համապատասխան ձայնագրությունը, որում Քերոբյանը խոստանում է թողնել պաշտոնը՝ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում։ Մինչդեռ, ըստ նրա, 2021 թվականը Հայաստանը երկնիշ աճով փակել է միայն մի շարք ապրանքների սպառողական գների ինդեքսի բարձրացման գծով։
"Ձայնագրությունը, որը դուք միացրել եք, թերի է։ Եվ եթե դուք բարի լինեք միացնել ողջ ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ արտահայտությունն արվել է կատակի համատեքստում: Բայց ես ուզում եմ այլ հարց տալ, դուք նույնքան սկզբունքայնորե՞ն եք թակում, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, բոլոր այլ միջազգային կազմակերպությունների դռները, որոնք կանխատեսումներ են արել եւ դրանցում շատ ավելի են սխալվել են, քան ես, քան մենք", - ի պատասխան հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ այդ հայտարարությունն արել է բիզնեսին ոգևորելու նպատակով։ Քերոբյանը հիշեցրել է, որ նախարար է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 26-ին, եւ այն պահին "պետք էր փորձել մարդկանց դուրս բերել այդ նեգատիվից, քանի որ տնտեսական աճի հնարավոր էր հասնել միայն լավատեսության շնորհիվ։ Եվ անհնար էր մարդկանց դրդել արարման, եթե ամեն ինչ շատ վատ է ու մութ։ Ես պետք է, առաջին հերթին, մարդկանց մեջ հույս արթնացնեի առ այն, որ մեր երկիրն ապագա ունի", - հայտարարել է նա։ Քերոբյանը նշել է, որ, միևնույն ժամանակ, ինքը վստահ էր, որ մութ օրերն անպայման կհաղթահարվեն: Նա ընդգծել է, որ այդ առումով "շոկային լավատեսության" հեռարձակումն էապես կարող էր մեծացնել տնտեսական վերելքի հնարավորությունները, և, ըստ նախարարի, այդպես էլ եղել է։