Արմինֆո. Հայաստանում և Արցախում հիշում են Սպիտակի երկրաշարժի զոհերին։
Տարերային աղետի 33-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով հանդես է եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ "Այսօր ոգեկոչում ենք 1988թ. դեկտեմբերյան աղետի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը:
Մխիթարանքի և զորակցության խոսքերս եմ հղում իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր աղետալի երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին, ընտանիք ու տուն:
Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև", - նշել է Արմեն Սարգսյանը։
Ավանդույթի համաձայն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Գյումրիի երկրաշարժի զոհերի հուշարձանին: Այդ մասին ասվում է Ռոբերտ Քոչարյանի Facebook-յան էջում:
Այսօր ՝ դեկտեմբերի 7-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և արտաքին քաղաքական գերատեսչության ողջ անձնակազմի անունից ծաղիկներ դրել 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: "Հիշում ենք և սգում", - ասել է նա:
Նշենք, որ 2019 թվականից Հայաստանում դեկտեմբերի 7-ը հռչակվել է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օր:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժը գրեթե հիմնովին ավերեց Սպիտակ եւ Լենինական (ներկայիս Գյումրի) քաղաքները, հարյուրից ավելի գյուղեր: Եվս մի քանի քաղաք մասամբ ավերվեցին։ Երկրաշարժի էպիկենտրոնում ' Սպիտակ քաղաքում 12 բալանոց սանդղակով գնահատվող երկրաշարժի ուժգնությունը հասել է 10 բալի: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը դարձել են հաշմանդամ, իսկ կես միլիոն մարդ զրկվել է օթեւանից: