Արմինֆո. Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները, արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Այդպիսի համոզմունք է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Անընդհատ հղումներ են արվում ինչ որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների:
Դուք հասկանու՞մ եք, որ ձեր այդ հայտարարություններով օրինականացվում են ադրբեջանական զինված [ու իրավապահ] ծառայողների անօրինական տեղակայումները, որտեղից էլ նրանք անօրինականություններ են կատարում, հանցանքներ են գործում ՀՀ բնակչության նկատմամբ:
Որքա՞ն կարելի է խոսել այլընտրանքային ճանապարհներից: Այդ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն վերացնում ՀՀ բնակչության ավտանգության սպառնալիքներն ու սահմանադրական իրավունքների խախտումները, չեն կարող լինել լիարժեք լուծումներ:
Դուք գիտակցու՞մ եք, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման և հումանիտար խնդիրներ առաջացնելու նպատակային քաղաքականություն:
Դուք ինքներդ ինչպե՞ս եք պատկերացնում ադրբեջանական այս արարքներից ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ու՞մ դիմել, ի՞նչ ընթացակարգով:
Դուք գիտե՞ք, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները միայն խորացրել են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը:
Դուք գիտակցու՞մ եք, որ մեր գյուղերի մոտ, Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք դաժանաբար խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել:
Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա,
ի՞նչ հիմքով եք դուք ինչ որ տարածքներ համարում ադրբեջանական կամ ոչ ադրբեջանական:
Ի՞նչ իրավական ակտով է ձեզ իրավունք վերապահված անել ՀՀ քաղաքացիների սահմանադրական և միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող հայտարարություններ:
Սույն հայտարարությունը արվում է հրապարակային՝ հաշվի առնելով, որ նշված վտանգավոր շեշտադրումները ստանում են լայն տարածում ՀՀ տարբեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում ու հետևաբար՝ առկա է դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտություն:
Պետք է բացառվեն տարբեր պաշտոնյաների հակասական ու մարդու իրավունքները ոտնահարող կամ վտանգող հայտարարությունները, որոնք խորացնում են անորոշությունը հասարակությունում:
Իրականում, պետության ռազմավարությունը պետք է սահմանային անվտանգության հարցերում հաշվի առնի մարդու իրավունքների հետ կապը, ինչպես նաև այն, որ պետությունն ունի իր քաղաքացիների իրավունքների պաշտանության պոզիտիվ պարտավորություն», - գրել է Արման Թաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԽ-ն իր հայտարարության մեջ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական սահմանային անցակետերի տեղակայումը հիմնավորել էր այն բանով, թե, այդ տարածքները նախկինում, իբր, պատկանել են Խորհրդային Ադրբեջանին: Ընդ որում, հայտարարությունում չի նշվում, թե ինչ քարտեզների, ինչ փաստաթղթերի հիման վրա են ՀՀ իշխանությունները երկրի ինքնիշխան տարածքները հանձնում հակառակորդին։ Հայտարարության մեջ նաև ակնհայտ սուտ է պարունակվում, թե այդ ճանապարհի հանձնումը վտանգ չի ներկայացնում հարակից գյուղերի բնակիչների համար: Մասնավորապես, անտեսվում է այն փաստը, որ 6 գյուղեր զրկված են հաղորդակցությունից։ Ավելին, այժմ նախկին 8 կիլոմետրի փոխարեն Ճակատեն գյուղի բնակիչները ստիպված են լինելու անցնել 100 կմ՝ իրենց համայնքից Կապան հասնելու համար։