Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարությունը, Moderna ընկերությունը և Նորվեգիայի Թագավորությունը ստորագրել են եռակողմ պայմանագիր, որի համաձայն, Հայաստան է ներկրվելու "Սպայկվաքս" հակաքովիդային պատվաստանյութի հերթական խմբաքանակը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ նվեր Հայաստանին։
Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր: Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և Մոդեռնա ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։ Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը: Շնորհակալություն թիմիս այս կարևոր և ոչ հեշտ գործը գլուխ բերելու համար», - գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 588 385 մարդ, որից 403 431 - ը ստացել են առաջին դեղաչափը, իսկ 184 954-ը, համապատասխանաբար երկրորդը:
Հայաստանում առանց որևէ սահմանափակումների հասանելի են ռուսական արտադրության (Սպոուտնիվ v), բրիտանաշվեդական (AstraZeneca) և չինարական (Կորոնավակ և Սինոֆարմ) դեղամիջոցները։
Հոկտեմբերի սկզբին առաքվել է ամերիկյան Moderna ընկերության արտադրության "Սպայկվաքս" պատվաստանյութի առաջին սահմանափակ խմբաքանակը։ Ավելի վաղ հաղորդվել էր ամերիկյան արտադրության Novavax, Johnson&Johnson եւ Phizer պատվաստանյութերի ձեռք բերման շուրջ բանակցությունների մասին:
Հոկտեմբերի 22-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 291 052 դեպք, ապաքինվել է 258 486 մարդ, մահվան դեպքերի թիվը հասել է 5 944-ի: Հիվանդության ակտիվ դեպքերի թիվն անցել է 25 հազարի նշագիծը: