Արմինֆո. Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա արցախյան պատերազմի առաջին տարելիցի օրը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն առանձին-առանձին այցելել են "Եռաբլուր" զինվորական պանթեոն:
Առավոտյան Եռաբլուրում զոհված ազատամարտիկների շիրիմներին ծաղիկներ է խոնարհել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից "Եռաբլուր" զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հուշարձանին: Նախագահն իր թելեգրամյան ալիքում զետեղել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքի և Արցախի այլ տարածքների լուսանկարներ:
"Եռաբլուր" են այցելել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
"Եռաբլուր" զինվորական պանթեոն է այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ով նույնպես ծաղիկներ է դրել զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ ՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7:10-ին, Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների մասնակցությամբ ագրեսիա էին իրականացնում Արցախի դեմ։ Հարվածները հասցվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական եւ ռազմական օբյեկտներին եւ Հայաստանի տարածքին։ 2020թ. նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները հայտարարություն ստորագրեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին, եւ հայկական կողմը տարածքային զիջումների գնաց:
ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով ՝ 44-օրյա պատերազմում զոհվել է 3781 մարդ, 253-ն անհետ կորել է (231 զինվորական և 22 քաղաքացիական անձ) ։ Այսօրվա դրությամբ, ընդհանուր առմամբ, 108 զինծառայողներ և քաղաքացիական անձինք Ադրբեջանի Հանրապետության կողմից վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը: