Արմինֆո.Այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու, ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ օրենքով ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակում՝ սահմանված կարգին համապատասխան: 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը եղել է 226.21 մլն մ3, 2020թ. նույն ժամանակահատվածի 351.98 մլն մ3 համեմատ՝ թերլցվածությունը կազմել է 125.77 մլն մ3: Շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել է պլանավորածից շուտ ջրի բացթողումներ: Սևանա լճից 2021թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10 օր շուտ և այդ ընթացքում արդեն իրականացվել է 19 մլն մ3 ջրառ: Նկատի ունենալով վերոգրյալը՝ Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներից չնախատեսված ջրալրում իրականացնելու պատճառով 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 մլն մ3 ջրի դեֆիցիտը:
Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող հինգ ջրօգտագործողների ընկերություննեի պայմանագրերով հաստատված 31.4 հազ հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում Հրազդան գետի ջրատվությունն 2021թ. ամբողջ ոռոգման ժամանակահատվածում պլանավորվել է շուրջ 170 մլն մ3 (վերջին 4 տարիների միջին ջրատվությունը կազմում է 190.8 մլն մ3 ), սակայն ինչպես փաստացի իրավիճակը այնպես էլ գետերի բազմամյա ջրագրության տվյալները վկայում են, որ նման տարում գետից հնարավոր կլինի վերցնել ընհամենը 116 մլն մ3 ջուր, որը նախատեսվածից պակաս կլինի շուրջ 54 մլն մ3 - ով և կառաջացնի դեֆիցիտ: Չոր եղանակով պայմանավորված բույսի ջրապահանջը ջրի նկատմամբ ավելացել շուրջ 20%-ով, կրճատվել է նաև ջրման ռեժիմը/տևողությունը: Միաժամանակ նախորդ տարիների փորձից ելնելով՝ 2020թ. կազմել է 2.94 հազ.հա, Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ նախատեսվել է լրացուցիչ 3-4 հազ. հա աշնանացանի ջրապահովվածություն: Ըստ այդմ՝ օրինագծով առաջարկվում է փոխել սահմանված ոռոգման նպատակով լճից 2021 թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 245 մլն մ3:
Նիկոլ Փաշինյանն այս համատեքտում անդրադարձել է երկու հարցի. «Առաջին հարցը հետևյալն է. սկսած մարտ ամսից մեր պետական իսնտիտուտներն ինձ զեկուցում են, այդ թվում գրավոր, որ այս տարի մենք ունենալու ենք Սևանի աննախադեպ բարձր մակարդակ: Երկրորդ՝ ոռոգման սեզոնի վերաբերյալ խորդհրդակցություն եմ անցկացրել դեռևս մեկ ամիս առաջ: Այն ժամանակ այս պրոբլեմները մենք քննարկել ենք և եզրակացություններ ենք արել, ես տվել եմ համապատասխան հանձնարականներ: Հիմա այսօր կարդում եմ, որ օրենքով նախատեսված 170 մլն մ3 արդեն առաջիկա օրերին կսպառվի, և լրացուցիչ պահանջը կլինի 75 մլն մ3: Այդ կանխատեսումներն անում են այն նույն պետական մարմինները, որոնք 2, 4 ամիս առաջ ուրիշ բան էին կանխատեսում: Ով կարող է այս երկու հարցի պատասխանը տալ: Նախ, որ այն ժամանակ զեկուցում էինք, որ Սևանա լճում ունենալու ենք աննախադեպ բարձր մակարդակ, այն ժամանակ չգիտեի՞նք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու և այլն: Եվ երկրորդ ՝ ինչու է հուլիսին կայացրած որոշումը իրականություն դառնում վերջին պահին՝ առանց պատշաճ հանրային քննարկումների»:
Ի պատասխան շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, մասնավորապես նշել է, որ կանխատեսելի էր այս տարի աննախադեպ բարձր ջերմային ֆոնը, բայց որ այսչափ շոգ ամառ կլիներ` կանխատեսելի չէր. «Եվ 12 օր առաջ, այսինքն՝ հունիսի 5-ի փոխարեն ավանդաբար առաջին ջրառն իրականացվել է մայիսի 25-ին: Դրան նաև գումարվեց աննախադեպ շոգերի պատճառով սակավաջրության ընդհանուր ֆոնը հանրապետությունում»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ տեղեկացրել է, որ որոշման նախագիծը ուշ է ներկայացվել, քանի որ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ. «Հաշվի առնելով, որ Սևանա լճից յուրաքանչյուր, նույնիսկ 1մլն մ3 վերցնելը ցավոտ թեմա է բոլորիս համար, բազմաթիվ գործընկերների հետ լուրջ քննարկումներ են ծավալվել, և այս թվին հասնելու խնդիր կար, այսինքն՝ արդյոք այս չափաքանակն է պետք: Օրենքում դրվում է ոչ թե այդքան, այլ մինչև 75 մլն մ3: Իհարկե, կարևոր են նաև եղանակային պայմանները, բայց գործընկերների հետ փորձելու ենք ամեն ինչ անել, այնպես կառավարել, որ այդ թվին չհասնենք»:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինայնը նշել է, որ կանխատեսումների հետ կապված լուրջ պրոբլեմներ են առկա գրեթե բոլոր ոլորտներում. «Եվ երբ մենք ասում ենք կառավարման որակ, դա հետևյալն է՝ յուրաքանչյուրն իր տված կանխատեսման իրականություն դառնալու համար պետք է կրի պատասխանատվություն: Եվ սա պետք է լինի մեր գործելակերպը և գործելաոճը»:
Վարչապետն անդրադարձել է նաև այս որոշումների արդյունքում էներգետիկ համակարգում լրացուցիչ եկամուտների գեներացման հարցին և նշել. «Կարծում եմ՝ պետք է ստուգել, թե նախկինում այս նպատակով կուտակված գումարներն ինչպես են ծախսվել, թող Պետական վերահսկողական ծառայությունը զբաղվի դրանով: Ստուգում արեք և զեկուցեք, թե քանի անգամ է այս կարգի որոշում կայացվել և ինչպես են այդ գումարները բաշխվել: Եվ եթե մենք ուզում ենք, որ գումարը կոնկրետ նպատակային օգտագործվի՝ ոռոգման համակարգի կամ ջրային համակարգի բարելավման վրա, պետք է դա օրենքում հատուկ գրենք: Եթե ոչ, ապա այդ գումարները գեներացվելու են ցանցում և սակագների հետագա վերանայման ընթացքում հաշվի է առնվելու ի շահ, ի օգուտ սպառողների»: