Արմինֆո. Ուզում է նա դա, թե՝ ոչ, բայց Նիկոլ Փաշինյանն այժմ շարունակելու է աշխատել հասարակության պառակտմանը հասնելու ուղղությամբ։ Հասկանալի է, որ այսօր փողոցներում բախումներն ամենևին էլ նրա շահերից չեն բխում, առավել ևս, որ դրան ընդունակ չէ նաև ընտրություններում ջախջախված ընդդիմությունը, բայց ապագայում նման պառակտումը միանգամայն հնարավոր է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նման հեռանկարները քաղաքագետը պայմանավորում է վարչապետի կողմից այնպիսի փաստաթղթի ստորագրման հեռանկարով, որը նախադրյալներ ներառի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատման համար՝ Արցախից հրաժարվելու ճանապարհով: Նրա կարծիքով, Փաշինյանից ժողովրդի դժգոհության հերթական ալիք կարող է հրահրել նաև մտավորականության և ազգայնականության գաղափարների դեմ վարչապետի անկեղծ ելույթը։ Հայաստանում որոշ եվրոպական գաղափարների առաջխաղացման հետ մեկտեղ, ընդ որում, խորհրդարանում նստած ոչ կոմպետենտ մարդկանց կողմից, այդ ամենը, նրա կանխատեսմամբ, լիովին կարող է դժգոհության լուրջ ալիք առաջացնել։
Մեկնաբանելով 2018 թվին Փաշինյանի հաղթանակի պատճառները՝ Դանիելյանն առանձնացրել է փլուզված քաղաքական համակարգը, գոյություն ունեցող քաղաքական ուժերի նկատմամբ վստահության բացակայությունը: Նրա գնահատմամբ՝ հենց հայաստանյան քաղաքական կուսակցությունների երկարամյա կեղտոտ խաղի հետևանքով, վերջին հաշվով, իշխանության ղեկին հայտնվեց հասարակության թույլ տեղերին քաջածանոթ պոպուլիստը, որը հիանալի օգտագործում է հասարակության հենց նույն արդարության հարցումը։
Քաղաքագետը Փաշինյանի վերջին հաղթանակը պայմանավորում է նախորդ տարվա ռազմական աղետի համար պատասխանատվությունը նախորդների և կոռումպացված գեներալների վրա բարդելու նրա քաղաքականության հաջողությամբ, որոնք չեն կարողացել ստեղծել արդյունավետ բանակ: Զուգահեռաբար հասարակությանը միտք էր ներշնչվում, որ երկրում կոռուպցիայի համար մեղավոր են Հայաստանում իշխանությունը բռնազավթած արցախցիները։ Եվս մեկ գործոն էր Հայաստանի բոլոր դժբախտությունների համար Ռուսաստանին մեղադրելը։ Այս լույսի ներքո՝ Դանիելյանը նշել է, որ Մոսկվային բացեիբաց մեղադրելու հնարավորությունից զրկված Փաշինյանի փոխարեն դա անում են նրա համախոհներն ու կողմնակիցները։
"Եվ, իհարկե, իր դերը խաղաց Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանում, ըստ էության, քաղաքական օրակարգի բացակայությունը։ Վերջինս ընտրողների շրջանում օրինաչափ հարց էր առաջացրել. ինչու՞ փոխել իշխանությունը, եթե ոչինչ չի փոխվելու կամ, նույնիսկ, ավելի վատ է լինելու։ Ցավոք, այս ամենի արդյունքում մենք կորցնում ենք մեր քաղաքական ինքնությունը։ ԽՍՀՄ փլուզումից հետո այն հենվում էր անկախության, Արցախ - Ղարաբաղի, Արցախյան պատերազմում հաղթանակի, հզոր բանակի վրա։ Հիմա այդ ամենը չկա։ Հետևաբար, անհասկանալի է նաև այն, թե ինչն է մեզ բոլորիս միավորում քաղաքական առումով", - ընդգծել է նա։