Արմինֆո.Ընդհանուր առմամբ, Հայաստանում արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակը օրինաչափ է, սպասելի, ուստի եւ՝ կանխատեսելի։ Զարմացնում է միայն ձայների բավականին հզոր առավելությունը, հատկապես՝ Ադրբեջանի հետ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, "Միջազգային վերլուծություն" ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։
"Դեռ փետրվարին Հայաստանում բազմաթիվ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում Փաշինյանի դեմ ։ Բայց քանակից որակի դրանք այդպես էլ չվերաճեցին, ինչն արդեն այն ժամանակ պետք է ստիպեր մտածել կազմակերպիչներին: Ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց համախմբվել, ինչի արդյունքում բողոքները վերջնականապես մարեցին արդեն գարնանը։ Մինչդեռ, Փաշինյանն, ի պատասխան, գործի դրեց հին բարի ռազմավարությունը՝ "նախկիններն" ընդդեմ "ներկաների", պարբերաբար հիշեցնելով ընտրազանգվածին, թե "ինչպես էր նախկինում", իհարկե՝ իր օգտին", - նշել է նա։
Վերլուծաբանն ընդդիմության պարտության կարևոր գործոն է համարում նրա շարքերում նոր դեմքերի և ընտրազանգվածի համար նոր կառուցողական օրակարգի ու առաջարկությունների բացակայությունը։ Այս լույսի ներքո նա նշել է, որ հետպատերազմյան իրողություններից տարբերվող ինչ-որ բան առաջարկել նույն Արցախի հարցում ընդդիմությունն ի վիճակի չէր։ Նույնիսկ, համապատասխան ցանկության առկայության դեպքում: Այս լույսի ներքո՝ "Հայաստան" դաշինքի հաղթանակը, Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը երկրի արտաքին քաղաքական օրակարգում և քաղաքականության մեջ, ըստ նրա, ոչինչ չէր փոխի։
Այն երկրների հերթականությունը, որոնց Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված աջակցության համար, Մարկեդոնովը գնահատում է որպես Փաշինյան 2.0-ի օրոք արտաքին քաղաքական միտումների յուրօրինակ ինդիկատոր: Այս համատեքստում նա նշել է, որ առաջին հերթին Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, իսկ հետո արդեն ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ԵՄ-ին, Իրանին եւ Վրաստանին: Ինչից հետո հնչեցրել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում Մոսկվայի հետ համագործակցությունը հետագայում ևս զարգացնելու մտադրություններ։
"Հայաստանի վարչապետի այս, շատ հստակ պատասխանը նրանց, ովքեր նրան մեղադրում են արևմտամետ կողմնորոշման մեջ, օրինաչափ կերպով խոսում է անցած ընտրություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում բացասական փոփոխությունների հեռանկարների բացակայության մասին։ Մոսկվայում Փաշինյանին հաճախ են մեղադրում արեւմտյան քաղաքական գործիչների հետ շփումների համար, ինչը գնահատվում է որպես ռուսամետ գծից շեղում: Բայց եկեք այդ ժամանակ հիշենք նաև այն, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը մի քայլ առաջ էր ԵՄ - ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և Բրյուսելի հետ ստորագրեց Համապարփակ գործընկերության համաձայնագիրը", - հիշեցրել է վերլուծաբանը։
Փաշինյանին գնահատելով որպես բավականին բարդ, բավականին էքստրավագանտ գործընկեր Մոսկվայի համար, Մարկեդոնովն ընդգծել է Հայաստանի վարչապետի գործողություններում Ռուսաստանի հասցեին մարտահրավերի բացակայությունը։ Այս համատեքստում նա ընդգծել է վերջին երեք տարիների ընթացքում Երեւանից եվրատլանտյան արժեքների, նույնիսկ, հիպոթետիկ ընտրության օգտին հայտարարությունների բացակայությունը։ Նրա կանխատեսմամբ՝ նման հայտարարություններ չեն հնչելու Երևանից Փաշինյանի օրոք նաև ապագայում։ Ընդ որում, այս բոլոր միտումները բնավ չեն նշանակում, որ Երեւանն այժմ կհրաժարվի Արեւմուտքի հետ շփումից։