Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբակցության առաջնորդները նախագահ Ջո Բայդենին կոչ են արել ճնշում գործադրել Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ հունիսի 14-ին կայանալիք հանդիպման ժամանակ: Կոնգրեսականները կարծում են, որ Բայդենը պետք է սպառնա, որ Վաշինգտոնը կհրաժարվի անվտանգության ոլորտում աջակցությունից եւ թիրախային տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ, եթե ադրբեջանական ուժերը դուրս չբերվեն Հայաստանի տարածքից, և Ադրբեջանում պահվող բոլոր հայ կալանավորներն ու ռազմագերիներն ազատ չարձակվեն։ Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Հունիսի 11-ին Բայդենին հղած նամակում Կոնգրեսի հայկական խմբակցության առաջնորդներ Ֆրենկ Փալոնեն, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դևիդ Վալադաոն և Ադամ Շիֆը, փաստել են, որ Էրդողանն ու Ալիևը չեն դադարեցնի իրենց ապակայունացնող գործողություններն ու միջազգային իրավունքի խախտումները, քանի դեռ ԱՄՆ-ն լուրջ գործողություններ չի ձեռնարկի նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
"Պատերազմի ժամանակ Էրդողանի օգնությունը վճռորոշ էր, քանի որ ադրբեջանական ուժերը չէին կարող արագ առաջ շարժվել՝ առանց Թուրքիայի աջակցությունը վայելող օտարերկրյա վարձկանների օգնության, որոնցից շատերը, ենթադրաբար, կապված են միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական խմբավորումների, առանց Bayraktar TB2 հարվածային անօդաչուների, որոնցում օգտագործվում են ամերիկյան բաղադրիչներ ու տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ ծանր սպառազինության, ներառյալ կասետային զինամթերքը եւ սպիտակ ֆոսֆորով զինամթերքը։ ԱՄՆ-ի վճռական գործողությունների բացակայության պայմաններում Թուրքիան ու Ադրբեջանը շարունակելու են խախտել մարդու իրավունքները և խարխլել ժողովրդավարությունը՝
ապակայունացնելով տարածաշրջանը։ Միացյալ Նահանգները պետք է հստակ հասկացնի, որ այդ թշնամական գործողությունները հետեւանքներ կունենան", - նշվում է Բայդենին հղված նամակում։
Հավելենք, որ հունիսի 14-ին Բրյուսելում կկայանա ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը։ Սպիտակ տանը նշել են, որ Ջո Բայդենի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպումը "առերես դիվանագիտության հնարավորություն" է: Ընդգծվում է նաեւ, որ թուրք առաջնորդի հետ հանդիպումը Բայդենի արտասահմանյան այցերի առաջին ծրագրի առաջնային կետն է: "ԱՄՆ-ի համար Թուրքիայի հետ հարաբերությունները հարաբերություններ են ՆԱՏՕ-ի գծով գործընկերոջ հետ, դրանք ներառում են ինչպես ոլորտներ եւ հնարավորություններ՝ կառուցողական համագործակցությունը շարունակելու համար, այնպես էլ լուրջ տարաձայնություններ", - նշել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին: Մեկնաբանելով առաջիկա հանդիպման օրակարգը՝ Փսակին համոզմունք է հայտնել, որ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը, որոնք ազդում են համաշխարհային հանրության վրա, ինչպես նաեւ ՔՈՎԻԴ-19-ը եւ տնտեսությունը: