Արմինֆո. Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում մեդիա միջավայրը բազմազան է, ներառյալ մեծ թվով լրատվամիջոցներ, սակայն տարբեր հեռարձակողների քաղաքական կողմնորոշումը ընտրությունների կողմնակալ լուսաբանման վտանգ է առաջացնում։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի ՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության (մայիսի 18-31, 2021 թ.) միջանկյալ զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 8-ին։
Դրանում, մասնավորապես, նշվում է, որ թեեւ հեռուստատեսությունը մնում է քաղաքական տեղեկատվության ամենահզոր աղբյուրը, սոցիալական ցանցերի դերն արագորեն աճում է: Օրենքն ապահովում է մրցակցող քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների անվճար հեռարձակումը եւ թույլ է տալիս նրանց գովազդ գնել պետական եւ մասնավոր ԶԼՄ-ներում: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը քարոզարշավի ընթացքում վերահսկելու է ԶԼՄ-ների կողմից օրենքի պահպանումը, այդ թվում ՝ ԶԼՄ-ների մշտադիտարկման միջոցով:
Ինչպես ասվում է զեկույցում, ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդներն ու զրուցակիցները նշել են, որ ողջ երկրում քարոզչությունը տարվում է, հիմնականում, առանց COVID-19 համաճարակի դեմ անհրաժեշտ միջոցների: Նախընտրական շրջանի քաղաքական դիսկուրսում գերիշխում է ազգային անվտանգությանն առնչվող իրավիճակը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը, սոցիալ-տնտեսական իրավիճակը մնում է երկրորդական հարց ։ Զրուցակիցները նշել են հատկապես անհանդուրժողականության, սադրանքների կամ վարկաբեկող հռետորաբանության բարձր մակարդակը նախընտրական շրջանում:
Նշվում է, որ մեդիա միջավայրը ներառում է 26 հեռուստաալիք (այդ թվում ՝ 6 համազգային), 24 ռադիոկայան, 35-ից ավելի պարբերական հրատարակություններ եւ 200-ից ավելի լրատվական առցանց պորտալներ: Հեռուստատեսությունը մնում է քաղաքական տեղեկատվության ամենահզոր աղբյուրը, հատկապես, մայրաքաղաքից դուրս։ Արագ աճում է առցանց ԶԼՄ-ների, հատկապես, սոցիալական ցանցերի դերը: Facebook-ը և YouTube-ը դարձել են քաղաքական տեղեկատվության փոխանակման հզոր հարթակ։
Միջազգային կազմակերպությունները, որոնք հանդես են գալիս ազատ խոսքի օգտին, նշել են Հայաստանում ԶԼՄ-ների ընդհանուր ազատության բարելավումը վերջին տարիներին: Խոսքի ազատությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ։ Զրպարտությունը ապաքրեականացվել էր 2010 թվականին։ Սակայն 2021թ. կատարված փոփոխությունն էապես ավելացրել է վիրավորանքի կամ զրպարտության դեպքում նյութական վնասի փոխհատուցման առավելագույն չափը։ Այս փոփոխությունը քննադատության է ենթարկվել բազմաթիվ լրատվամիջոցների կողմից, և նախագահն այն ուղարկել է Սահմանադրական դատարան։
Զեկույցում ասվում է, որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, որը ֆինանսավորվում է պետության կողմից, շարունակում է ընկալվել որպես նորությունների կառավարամետ խմբագրություն: Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի շատ զրուցակիցներ մտահոգություն են հայտնել այն առնչությամբ, որ մասնավոր հեռարձակող ընկերությունների քաղաքական պատկանելությունը կարող է ընտրությունների կողմնակալ լուսաբանման վտանգ առաջացնել:
ԺՀՄԻԳ-ի բազմաթիվ զրուցակիցներ նշել են նաեւ ԶԼՄ-ների հանդեպ աճող անվստահությունը Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմի լուսաբանման կապակցությամբ: Բացի այդ, որոշ շահագրգիռ կողմեր նշել են, որ առցանց լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերի հարթակներում քարոզարշավի անցկացման կարգավորման բացակայությունը կարող է հանգեցնել ապատեղեկատվության, անհանդուրժողականության եւ սադրիչ հռետորաբանության տարածման:
Այդուհանդերձ, նշվում է, որ լրատվամիջոցների կողմից նախընտրական քարոզչությանն առնչվող իրավական դրույթների կատարման վերահսկողությունն իրականացնում է լրատվամիջոցների կարգավորողը՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌՀ), այդ թվում սեփական մեդիա մոնիթորինգի միջոցով: Խախտումների դեպքում ՀՌՀ-ն կարող է նախազգուշացումներ տալ կամ տուգանքներ կիրառել: