Արմինֆո.Տնտեսական կապերի վերականգնման, բոլոր հաղորդակցությունների վերականգնման, բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը պատիժ չի ենթադրում: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ "Պրիմակովյան ընթերցումներ" համաժողովի ժամանակ պատասխանելով Թուրքիային՝ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթաց պարտադրելու վերաբերյալ հարցին՝ այդ հարցով ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի առկայության ֆոնին։
Նրա խոսքով, դա նորմալ տնտեսական կյանքի վերականգնման նպատակով ստեղծված խումբ է, որ գոյություն է ունեցել մինչեւ 80-ական թվականները, երբ պատերազմ սկսվեց (Լեռնային Ղարաբաղի գոտում - խմբ.), եւ որը կանգնեցվեց 4 տարի անց: "Հիմա, եթե խոսենք այն մասին, թե ով է պատերազմել ու կռվել, այդ հարցը մեզ համար՝ բոլոր ողջախոհ մարդկանց համար փակ է։ Արյունահեղությունն ավարտվեց։ Ավարտվեց մի քիչ ավելի ուշ, քան մենք առաջարկել էինք կողմերին: Եվ մեր մեղքը չէ, որ հրադադարը ձեռք է բերվել ավելի ուշ, քան կարող էր ձեռք բերվել", - ասել է Լավրովը։
Այդ առումով նա հիշեցրել է, որ Ռուսաստանը միայն միջնորդ էր եւ չէր կարող ստիպել կողմերին ՝ մեկին կամ մյուսին, ինչ - որ բան անել։ Նրա խոսքով ՝ Ռուսաստանը միայն համոզում էր, որ հետագա արյունահեղությունն անիմաստ է եւ վտանգավոր, եւ, նախեւառաջ, այն բանի համար, թե ինչպես հետագայում այդ հողի վրա մարդիկ կապրեն:
Լավրովն արձանագրել է, որ այժմ ռուս խաղաղապահները կատարում են իրենց մանդատը (Լեռնային Ղարաբաղում - խմբ.) ։ "Որևէ խոշոր միջադեպ, ընդհանրապես, չկա։ Դա խոստովանում եմ թե Երևանում, թե Բաքվում։ Առանձին փոքր անհարթությունները բավականին արագ վերացվում են: Այո, կա առանձին լարվածություն հայ-ադրբեջանական սահմանի առանձին տեղամասերում, սակայն դա առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ", - ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը, հավելելով, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման հետ մեկտեղ նախագահները պայմանավորվել են ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները:
Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ դա եղել է տարիներ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի գծով համաձայնեցված գլխավոր սկզբունքներից մեկը: Նա հավելել է, որ այդ սկզբունքային պայմանավորվածության զարգացման գործում ընթացիկ տարվա հունվարին կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, որտեղ էլ ստեղծվել է փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվում է բացառապես այդ տարածաշրջանում հաղորդակցության եւ կապերի ապաշրջափակմամբ:
Նրա խոսքով ՝ դա վերաբերում է թե երկաթուղուն, թե էլեկտրահաղորդման գծերին, թե շատ այլ բաների։ "Այդ ամենը բանակցությունների սեղանին է։ Այնտեղ գրագետ ընտրված մարդիկ են, որոնք զբաղվում են երթուղիների առաջնահերթությամբ, որոնք պետք է առաջնային լինեն հաղորդակցության ապաշրջափակման առումով ։ Եւ, իհարկե, կողմերը հաշվի են առնում իրենց հարեւանների շահերը", - ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը ՝ միաժամանակ անիրատեսական եւ սխալ համարելով հաշվի չառնել հարեւան երկրների ՝ Թուրքիայի եւ Իրանի կարծիքը այդ հարցում:
Լավրովը եւս մեկ անգամ ընդգծել է, որ դա չափազանց կարեւոր շրջան է, որտեղով անցնում են բազմաթիվ երթուղիներ. ռազմավարական՝ "Հյուսիս - Հարավ", "Արեւելք-Արեւմուտք": Նրա խոսքով ՝ այստեղ պետք է մտածել ոչ թե ում ներգրավելու կամ պատժելու, այլ այն մասին, թե ինչպես կառուցել հարաբերությունները տեւական հեռանկարում։
Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ եռակողմ խմբի արդյունավետությունը կորոշվի այնքանով, որքանով այդ ապաշրջափակումն ուղղակիորեն կօգնի բարելավել մարդկանց կյանքը: "Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային և նրա դերին, ապա, ինչպես արդեն ասացի, այդ եռակողմ քննարկումներում Թուրքիայի, Իրանի շահերը, միանշանակ, հաշվի են առնվում, այլապես այդ ապաշրջափակումն առավելագույն արդյունք չի ունենա", - ասել է նա:
Վերջում Լավրովը նաեւ հիշեցրել է հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մասին, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում: Դիվանագետը կենտրոնը համարել է ձեռք բերված պայմանավորվածությունների օգտակար բաղադրիչ: "Այն ապահովում է թուրք գործընկերների ներգրավվածության զգացումն այդ գործընթացում։ Դա կայունացնող գործոն է", - ամփոփել է Լավրովը։