Արմինֆո.Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կարեւորել է Հարավային Կովկասի կայունությունն ու բարգավաճումը, ինչպես նաեւ երկու գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացումը:
Եվրախորհրդի կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, Միշելը հիշեցրել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հրադադարի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության լիովին կատարումը
կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։
"ԵՄ-ն պատրաստ է փորձագիտական գիտելիքներ տրամադրել սահմանների սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ եւ աջակցել վստահության ամրապնդմանը։ ԵՄ-ն նաեւ կոչ է անում երկու կողմերին շտապ կերպով համագործակցել ձերբակալվածների վերադարձի եւ այլ կարեւոր հումանիտար հարցերի լիակատար թափանցիկության շուրջ, այդ թվում՝ ականադաշտերի մասով", - նշել Է Միշելը,՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն արդեն գրեթե 20 մլն եվրո հումանիտար օգնություն է հատկացրել, հավաստիացրել է այդ ուղղությամբ աջակցությունը շարունակելու մասին: Դրա հետ մեկտեղ Եվրախորհրդի ղեկավարը կարծում է, որ այդ հրատապ խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է կայուն խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս առումով նա կոչ է արել երկու կողմերին վերսկսել բանակցությունները կառուցողական ոգով:
"Եվրամիությունը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասի անվտանգության, կայունության եւ բարգավաճման հարցում' որպես ԵՄ Արեւելյան գործընկերության անբաժանելի մաս", - ամփոփել է Միշելը: