Արմինֆո.Մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի ուղղությամբ, եւ ինտենսիվ մարտեր են ընթանում, հայկական կողմում կան վիրավորներ։ Հաղորդվում է նաև, որ հակառակորդն առաջացել է Սյունիքի մարզի խորքը 3 կմ: Այս տեղեկությունը հաստատում են նաև Սյունիքի մարզի տեղական իշխանությունները:
Մինչդեռդ, Հայաստանի ՊՆ-ում հավաստիացրել են, որ Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց», - ընդգծվում է ՊՆ հաղորդագրությունում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, իր հերթին, պաշտոնապես տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հայտարարությունում: «Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ:
Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին», - ասվում է ԱԱԾ հայտարարությունում: