Արմինֆո.Ռուսաստանը հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր հումանիտար հարցերը լուծվեն հնարավորինս օպերատիվ եւ առանց նախապայմանների։
Այդ մասին մայիսի 11-ին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ "Դա վերաբերում է նաև ականներին, որոնցից զոհվում են խաղաղ մարդիկ։ Ես նկատի ունեմ և զոհվածների աճյունների հանձնմանը, և անհետ կորածների ճակատագրերի պարզաբանմանը, և ռազմագերիների վերադարձին, և պատերազմի նյութական մնացորդների հետ կապված խնդիրների կարգավորմանն առնչվող հարցերը, տվյալ դեպքում՝ ականների: Մենք այդ հարցը քննարկել ենք մի քանի օր առաջ Երևանում: Ինձ թվաց, որ Հայաստանի ղեկավարությունը պատկերացում ունի այդ խնդիրը լուծելու անհրաժեշտության մասին", - ասել է Լավրովը, հավելելով, որ այդ ուղղությամբ առաջին նախնական քայլերն արվել են, ինչի մասին իրազեկվել Է Ադրբեջանի ղեկավարությունը։ Միաժամանակ Լավրովը նշել է, որ Մոսկվան հուսով է, որ այդ գործընթացն էապես կարագացվի, եւ խնդիրն ամբողջությամբ կլուծվի:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված ձգձգում են հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի գործընթացը, եւ արդեն 7-րդ ամիսն է, ինչ խախտելով եռակողմ հայտարարության 8-րդ կետը, շարունակում են պահել մի քանի հարյուր հայի: