Արմինֆո.Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում մեկնաբանում է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները և Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքականությունը:
Կիսվում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղացողների մասնակցությամբ առավել հավանական ազդակների սեփական տեսլականով, ինչպես նաեւ որոշ կանխատեսումներ է անում իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ:
- Արդյո՞ք կարելի է նշել, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջով ներքաղաքական ճգնաժամը հասել է իր գագաթնակետին։ Որո՞նք են, ըստ Ձեզ, դրա պատճառները, եւ արդյո՞ք դրանք բացառապես ներքին բնույթ ունեն:
Ես չեմ կարծում, թե ներքաղաքական ճգնաժամը հասել է գագաթնակետին։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հրահրել է Հայաստանի ԶՈՒ ԳՇ-ին։ Սկզբում նա հեռուստահարցազրույցում արտահայտվել էր այն մասին, որ "Իսկանդերի" կիրառումը քիչ արդյունավետ է եղել, քանի որ լիցքի ընդամենը տասը տոկոսն է անդրպայթել։ Երբ այդ անհեթեթ հայտարարությանն ի պատասխան քննադատաբար արտահայտվեց գլխավոր շտաբի պետի տեղակալը, վերջինիս անմիջապես հեռացրեցին պաշտոնից։ Դա հարուցեց ողջ գլխավոր շտաբի արձագանքը. ներկայացվեց կառավարության հրաժարականի պահանջ։ Ի պատասխան ՝ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրեց նաեւ գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության վերահերյալ առաջարկ։ Եվ ահա՝ կուլմինացիան ՝ Փաշինյանն այժմ փորձում է հրաժարվել "Իսկանդերի" կիրառման վերաբերյալ իր իսկ հայտարարությունից, արդարանալով այն հանգամանքով, որ իրեն ինչ-որ բան սխալ է զեկուցվել։ Այսինքն, կարծես, հանվում է այդ հրթիռային համալիրի որակի հարցը, իսկ ահա բարձրագույն ռազմական հրամանատարության ներկայացուցիչների պաշտոնանկությունը վերանայման ենթակա չէ՝ այն դեպքում, երբ Փաշինյանն ինքն էլ խոստովանել է, որ ապատեղեկատվություն է գործարկել։ Հիմա ամեն մեկն իրավունք ունի կարծելու, որ այդ ապատեղեկատվությունը հատուկ գործարկվել է, որպեսզի սադրի զինվորականներին, ինչը միանգամայն հաջողվել է։ Հարց, ինչու՞ է դա անհրաժեշտ Փաշինյանին։
- Հայաստանում ռազմական հեղաշրջման հնարավորության առնչությամբ արդեն մտահոգություն են հայտնել Թուրքիայի արտգործնախարարն ու նախագահը։ Չավուշօղլուն և Էրդողանը հատուկ ընդգծել են նման սցենարի անընդունելիությունը։ Ձեր կարծիքով, որտեղի՞ց է բխում մի երկրի կառավարության մասին այդպիսի հոգատարությունը, որի հետ Թուրքիան, նույնիսկ, դիվանագիտական հարաբերություններ չունի։
Պաշտոնական Անկարայի համար կարեւոր է, որպեսզի Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը որքան հնարավոր է երկար շարունակվի։ Ներքաղաքական այս ճգնաժամի առանցքը և չդադարող ներքին անկայունության գեներատորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Հետևաբար, այդ պատճառով Թուրքիայից իրեն ցուցաբերվող քաղաքական աջակցությունը լիովին տեղավորվում է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից մշակված և կիրառվող մոտեցումների շրջանակներում։
- Հայաստանի իշխանության և ընդդիմության ողջ դիմակայությունը հանգում է փոխադարձ վիրավորանքների և նախկին արարքների համար մեղադրանքների։ Իրենց ծրագրերի, երկրի ապագայի վերաբերյալ տեսլականի, առավել ևս ՝ կոնկրետ ծրագրերի մասին, մեծ հաշվով, լռում են թե մեկը, թե մյուսը։ Մինչև ընտրությունները մնում է 2,5 տարի, էլ չենք խոսում դեռ օդում կախված արտահերթ ընտրությունների հեռանկարի մասին, բայց հայ քաղաքական գործիչները շարունակում են խուսափել, նույնիսկ, ավելի լավ ապագայի խոստումներից։ Դուք դա տարօրինակ չե՞ք համարում։
Ցավոք, ոչ Փաշինյանի կառավարությունը, ոչ էլ 17 + խմբավորումը ապագայի համար դրական գործողությունների ծրագիր առաջարկել, պարզապես, անկարող են։ Ոչ մի ռացիոնալ, դրական գործողություն չի առաջարկվում, և դա միայն վկայում է նրանց քաղաքական և բարոյական լիակատար սնանկության մասին։
- Իրանի խորհրդարանի խոսնակն ու նախագահը հնչեցրել են իրենց երկրի՝ ԵԱՏՄ անդամ դառնալու մտադրությունը։ Արդյո՞ք նման ցանկության ի հայտ գալը Արցախում 44-օրյա արյունահեղության արդյունքներից մեկն է, և, Ձեր կարծիքով, ո՞րն է նման որոշում կայացնելու Թեհրանի դրդապատճառը:
Ես այս հարցի միանշանակ պատասխան չունեմ։ Չեմ բացառում, որ պաշտոնական Թեհրանը, կանխազգալով իր սահմանների մոտ ռազմաքաղաքական իրավիճակի հետագա բարդացումը, փորձում է ինչ-որ կերպ ապահովագրվել տարածաշրջանային փոխգործակցության նոր սխեմաների ստեղծման հաշվին։ Ըստ ամենայնի, այդպիսով, Իրանում հույս ունեն, առաջին հերթին, շրջանցել իրենց նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ խոշոր միջպետական տնտեսական եւ տրանսպորտային կազմակերպությանն անդամակցության շնորհիվ:
- Դատելով 2020 թվի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվի հունվարի 11-ին եռակողմ հայտարարությունների բովանդակությունից՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու հիմնական շեշտադրումը Ռուսաստանը կատարում է հաղորդակցությունների ապաշրջափակման վրա ՝ սեփական շահերի պահպանման պայմանով: Իսկ արդյո՞ք Մոսկվայի շահերին համապատասխանում է Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքի բացման հեռանկարը։ Եվ արդյո՞ք Վրաստանի ներգրավումը ՌԴ կոմունիկացիոն նախագծերում, իսկ նման նշաններ արդեն նկատվում են, Մոսկվայի համար անհրաժեշտ պայման չէ Հարավային Կովկասը պայմանական 1988 թիվ վերադարձնելու համար։
Մոսկվան, իհարկե, կարող է դիտարկել նման ծրագրեր, բայց ես քիչ հավանական եմ համարում դրանց իրականացումը։ Հարավային Կովկասում ռուսական նախկին ազդեցությունն արդեն փոխարինվել է թուրքական ռազմական, քաղաքական եւ տնտեսական ազդեցությամբ։ Եվ, իմ կանխատեսումներով, հազիվ թե Ռուսաստանին հաջողվի 80-ականների վերջին վերադարձնել իրավիճակը։
- Արդյո՞ք Դուք ավարտված եք համարում մեր տարածաշրջանի վերաձեւման ռազմական փուլը եւ նոր ստատուս քվոյի ձեւավորումը: Թե՞ տեսանելի ապագայում կարող են նոր պայթյուններ լինել, իսկ 44-օրյա պատերազմն այդ առումով, ընդամենը, Կովկասում "Պանդորայի արկղը" բացելու ձգան էր:
Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանը դեռ չի անցել ռազմական բարձր տուրբուլենտության փուլը։ Եվ այս լույսի ներքո՝ ռազմական բռնության բռնկումները դեռ կարող են կրկնվել ոչ թե մեկ կամ երկու անգամ։ Հայաստանին, համապատասխանաբար, անհրաժեշտ է հնարավորինս արագ հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը և ձևավորել նոր իշխանություն։ Ցավոք սրտի, մեր երկրում ներքաղաքական իրավիճակի զարգացումն այս փուլում առանձնապես լավատեսություն չի ներշնչում։