Արմինֆո.Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Ընթանում է բելառուսական արտադրության ժամանակակից վերելակային սարքավորումներով փոխարինման ինտենսիվ գործընթաց։
Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից: 2019թ. մեկնարկած փորձնական ծրագիրը դարձավ հիմնական՝ իր աննախադեպ ծավալներով:
Հաղորդվում է, որ այս տարի նոր վերելակներ կտեղադրվեն նաև պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների շենքերում: Մուտքերը ևս կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, ի դեպ, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։
Այսօր մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3000 վերելակ կա: Հաշվի առնելով ծրագրի ծավալներ՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:
Նշենք, որ անցյալ տարի Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված վերելակների մատակարարման մրցույթի հաղթող էր դարձել <Մոգիլյովլիֆտմաշ> բելառուսական ձեռնարկությունը։ Անցյալ տարվա պայմանագրի շրջանակներում ձեռնարկությունն արդեն Երևան է մատակարարել պայմանագրով նախատեսված 500 վերելակ, որոնց հիմնական մասն արդեն տեղադրվել է Երևանի բազմաբնակարան շենքերում։
Բելառուսական ընկերությունը նախատեսում է մասնակցել նաև Երևանի քաղաքապետարանի նոր մրցույթներին։ Նաեւ քննարկվում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրության հնարավորության հարցը ՝ հաշվի առնելով դրա մասնակի տեղայնացումը ։ Այսինքն՝ վերելակների դետալների մի մասը կարող է արտադրվել Հայաստանի ձեռնարկություններում ։ Դա զգալիորեն կնվազեցնի արդեն գոյություն ունեցող վերելակների փոխարինման գործընթացը ոչ միայն Երեւանում, այլեւ՝ երկրի այլ քաղաքներում ։