Արմինֆո. Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի եւ ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծվող իրավիճակը: Քննարկվել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված հնարավոր քայլերը:
Հաստատվել է շահագրգռվածությունը լարվածության թուլացմանն ուղղված հավաքական ջանքերի շարունակմամբ՝ հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության դրույթները: