Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և ԱԳ նախարար Էդի Ռաման հանդես է եկել հայտարարությամբ և կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
"Ես համառորեն կոչ եմ անում բոլոր մասնակիցներին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին, քանի դեռ մարդկային զոհերն այս հակամարտությունում չեն ավելացել", - ասվում է Ռամայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում:
Ընդ որում, նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սերտ կապեր են պահպանում կողմերի հետ: Ռաման լիակատար աջակցություն է հայտնել տեղերում իրավիճակի կայունացմանն ուղղված նրանց ջանքերին, կրկնելով, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նա ընդգծել է, որ սատարում է համանախագահների ջանքերին՝ նպատակաուղղված առանց նախապայմանների առարկայական բանակցությունների շուտափույթ վերսկսմանը։
ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ ցավակցություն է հայտնել բռնության այս վերջին ալիքի հետեւանքով զոհվածների ընտանիքներին: