Արմինֆո.Հայաստանում հերքել են ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
Նախօրեին Haqqin.az ինտերնետ ռեսուրսը տեղեկություն էր տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իբր գաղտնի բանակցությունների մասին։ Այս հրապարակմանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, ով, մասնավորապես, գրել է․ < Ալիեւի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է հրապարակել, այս անգամ մտացածին պատումներ ներկայացնելով իմ անվան շահարկմամբ: Այսպես` իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ:
Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիեւի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որեւէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որեւէ հարց չեմ քննարկել:
Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում` պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից եւ դրան հաջորդած ԱլՋազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիեւի որոշ պաշտոնյաներ դեռեւս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները: Ի դեպ այդ օրը շատ հեռու չէ...>։
Նկատենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը համառ հաճախականությամբ սկսել է ապատեղեկատվություն տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, խեղաթյուրել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ օտարերկրյա պաշտոնյաների հայտարարությունները: Վերջին նման դրսեւորումներից մեկն Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերի խեղաթյուրումն էր, որը տարածել է Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի ԱԳՆ-ում մերժել են Լավրովի խոսքերի մեկնաբանությունը՝ կոչ անելով վստահել միայն ՌԴ պաշտոնական կառույցների կողմից արված հրապարակումներին: Իսկ Ադրբեջանի Միլի մեջլիսի մամուլի ծառայությունում ստիպված էին ամբողջությամբ հեռացնել այդ հայտարարությունը ՝ թողնելով միայն <քննարկել են ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը> ձևակերպումը ։
Սակայն, Ադրբեջանում դասեր չեն քաղել այդ պատմությունից, և մեկ օր անց տարածվել է <Գաղտնի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև> խորագիրը կրող հոդվածը, որում պատմվում է, թե իբր Արսեն Խառատյանը Նիկոլ Փաշինյանի անունից փոխանցել է , որ Հայաստանի նոր կառավարությունը պատրաստ է 2018 թվականին իշխանության գալուց հետո հակամարտության կարգավորման շուրջ ուղղակի բանակցություններ վարել առանց միջնորդների։ Վերջինս, իբր, առաջարկել է <Խաղաղության ՝ տարածքների դիմաց> կարգավորման բանաձևը, և փորձ է արվել նվազեցնել Կրեմլի դերը ղարաբաղյան կարգավորման հարցում ։
Նշենք, որ Փաշինյանին ընդդիմադիր որոշ հայ քաղաքագետներ շրջանառության մեջ են դրել այդ ապատեղեկատվությունը ՝ դրանով իսկ փորձելով ցույց տալ նոր իշխանության <թուլությունը> Ադրբեջանի հետ բանակցային հնարավորությունների հարցում ։