Արմինֆո.Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամենեւին չի սահմանափակվում իր արտաքին քաղաքականության մեջ միայն ելույթներով՝ Հայաստանի հասցեին նրա հայտարարություններին կարող են հետեւել նաեւ կոնկրետ գործողություններ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
ՄԱԿ-ում ունեցած իր ելույթում Էրդողանը փաստացի միջազգային հանրությունից պահանջել է անհապաղ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ։ Նա նաև Հայաստանին մեղադրել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը խոչընդոտելու մեջ ։ Նմանատիպ մեղադրանքներ Հայաստանի հասցեին Էրդողանը հնչեցնում է Հայաստանի հետ սահմանի Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի հուլիսյան ագրեսիային հաջորդած ժամանակահատվածում։
<Մենք պետք է այդ հայտարարություններից արագ եւ լուրջ հետեւություններ անենք։ Էրդողանի վերջին շրջանի հայտարարությունները թուրքական կողմի ապագա քայլերի և գործելակերպի յուրօրինակ ցուցիչ են։ Մենք տեսնում ենք այս ամենը Միջերկրական ծովի արեւելյան մասում, Հունաստանի եւ Կիպրոսի, Սիրիայի եւ Լիբիայի հետ հարաբերություններում Թուրքիայի պահվածքի օրինակով։ Հայտարարություններին հաջորդեցին կոնկրետ սադրիչ քայլեր՝ ընդհուպ զորքերի տեղակայումը>, - ընդգծել է նա ։
Թուրքական նման ագրեսիվ քաղաքականության թիրախներից մեկը արևելագետը համարում է Հարավային Կովկասը ։ Իսկ Անկարայի առաջնային թիրախը Հարավային Կովկասում Հայաստանն է ։ Եվ այս առումով Էրդողանի պահվածքը պետք է դիտարկել՝ որպես Հայաստանի համար բավական լուրջ և վտանգավոր ազդակ։
ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիայի նախագահի ելույթի հայկական մասը փորձագետը դիտարկում է Ադրբեջանի պահանջներին թուրքական կշիռ հաղորդելու ձգտման համատեքստում, և ավելին, ցույց է տալիս Անկարայի և Բաքվի հակահայկական համագործակցության մեջ նորանոր ոլորտներ ներգրավելը։
Փորձագետը Հայաստանի նկատմամբ Թուրքիայի նման պահվածքը դիտարկում է՝ ընդհանուր առմամբ թուրքական քաղաքականության մեջ վերջին փոփոխությունների լույսի ներքո ։ Այդ փոփոխությունների էությունը, ըստ արևելագետի, կայանում է տարբեր հակամարտությունների մեջ Թուրքիայի ներթափանցման փորձերի մեջ ՝ դրանց շուրջ ավելի մեծ ագրեսիվության մթնոլորտ ստեղծելով ՝ որոշակի դիվիդենտներ կորզելու ապագա հեռանկարով ։
<Սիրիայի, Լիբիայի, իսկ այժմ նաև Արևելյան Միջերկրածովի օրինակներով մենք տեսնում ենք, որ Թուրքիային հաջողվում է այս կամ այն չափով ներգրավվել տարածաշրջանային հակամարտություններում՝ հենց նման քաղաքականության շնորհիվ ։ Այս առումով Էրդողանի հակահայկական հայտարարություններին հայկական արձագանքը պետք է ավելի շուտ հետևեր և շատ ավելի կոշտ լիներ ։ Անկարայի եւ Բաքվի ջանքերի խորացող համախմբումն առնչվում է ոչ միայն Հայաստանին ։ Նրանց ագրեսիվ դիրքորոշումները նույնական են տարածաշրջանի գրեթե բոլոր կոնֆլիկտային իրավիճակների նկատմամբ ։ Այս ամենը մեծ վտանգներ է պարունակում ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ցանկացած հակամարտության լուծում տեսնում է սեփական ապակառուցողական, ցեղասպան գործիքակազմի շրջանակներում>, - եզրափակել է Մելքոնյանը ։