Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը: Իր ելույթում Վարագ Սիսեռյանն ասել է.
««Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է թե՛ քաղաքաշինական և թե՛ պատմամշակութային արժեքների պահպանման և նորովի մատուցման տեսանկյունից: Ծրագիրը միտված է խթանելու շինարարական գործընթացները Երևանում՝ պահպանելով քաղաքի կենտրոնական հատվածի կոլորիտը և պատմամշակութային միջավայրը:
Ներկայումս ընթանում են իրացման ակտիվ աշխատանքներ: Տարածքում առկա մոտ 150 գույքից այս պահին օտարման ենթակա է մնացել 47-ը: Իրացումների և շինարարական գործընթացների հետ կապված խնդիրները գույքագրվում են ամենօրյա ռեժիմով, կատարվում են ակտիվ աշխատանքներ խնդիրներին պետական մակարդակով լուծում տալու ուղղությամբ:
2018 թվականից ի վեր արձանագրվել է դրական տեղաշարժ թե՛ իրացումների և թե՛ շինարարության մասով, մասնավորապես՝ բարձրացվել է բնակիչներին տրամադրվող փոխհատուցման գումարի չափը: Այս փուլում քննարկվում է նաև իրացումների գործընթացը պետական կամ համայնքային մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը, ինչը կնպաստի գործընթացների առավել արդյունավետ լինելուն:
Հարկ է նշել, որ ելնելով ծրագրի իրագործման ծավալներից և բազմաշերտ բնույթից՝ ընթացիկ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են մի շարք խնդրահարույց հարցեր՝ մասնավորապես հողերի օտարումների, շինարարական թույլտվությունների և այլնի հետ կապված: Մենք կքննարկենք և կգույքագրենք բոլոր խնդիրները ու կփորձենք գտնել համապատասխան լուծումներ խնդիրներին և ավարտին հասցնել այս ծրագիրը»:
Նիստի մասնակից տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են հողերի իրացման, նախագծային և շինարարական ընթացիկ աշխատանքների ներկա վիճակը: Համապարփակ անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման հետ կապված առկա հիմնական խնդիրների գույքագրմանը և դրանց լուծմանը վերաբերող հարցերին: Նախանշվել են աշխատանքային խմբի գործունեության հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ «Հին Երևան» նախագիծը ներառում է շուրջ 100.000 քմ տարածք Երևանի կենտրոնում`Աբովյան փողոցից մինչև Կողբացու փողոց, Արամի փողոցից մինչև Բուզանդի փողոց: Նախագծի համաձայն, նախատեսվում է վերականգնել հայկական մայրաքաղաքի XIX - XX դարերի ճարտարապետական տեսքը: Ենթադրվում էր, որ «Հին Երևան» նախագիծը, որն արժե 150 միլիոն դոլար, պետք է ավարտվեր 2010-2011 թվականներին: Սակայն, կառավարությունը «Multicontinental distribution»-ի հետ պայմանագիր է կնքել միայն 2014 թվականին, որոշ խնդիրների պատճառով: Շինարարական աշխատանքներն սկսվել են միայն 2017 թվականին: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն ՝ նախագծի իրականացումը ձգձգվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կաբինետի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով, որը, ստանալով թաղամասի կառուցապատման՝ պայմանագրով նախատեսված գումարը, հետագայում տարբեր պատճառներով ձգձգել է շինարարությունը։