Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման հիմնադրամ»-ի աջակցությամբ իրականացնում է «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է բարելավել կին ձեռնարկատերերի տնտեսական արդյունքը՝ զարգացնելով նրանց գործարար կարողությունները և բիզնես ցանցերի հասանելիությունը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից հաղորդել են, որ ծրագրի շրջանակում ՄՖԿ-ն՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի» միջոցով, իրականացնում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների միջոցով» ծրագիրը, որը նպատակ ունի խթանել կանանց ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում, օգնել գնահատել նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումների դերը բիզնեսի զարգացման և ընդլայնման մեջ։
«Վերջին տարիներին Հայաստանն աշխարհի քարտեզի վրա դիրքավորվում է իր բարձր տեխնոլոգիական ստարտափներով և նորարարական լուծումներով։ Այս ծրագրի հիմնական մարտահրավերն է խթանել կին ձեռներեցների կողմից հիմնադրված սկսնակ ընկերությունների զարգացումը, հզորացումը և ընդլայնումը համաշխարհային շուկաներում։
Նշված նպատակների իրականացմանն ընդառաջ մեկնարկում է ծրագրի աքսելերացիոն փուլը Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը, 23:59: Ծրագրի մանրամասներին ու դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Ամփոփելով բութքեմփի արդյունքները, կարող ենք արձանագրել, որ ծրագիրն արդեն իսկ կատարել է իր հիմնական առաքելությունը, քանի որ ստեղծվեցին նոր թիմեր, ձեւավորվեցին նորարարական գաղափարներ՝ ավանդական ոլորտներում: Աքսելերացիոն փուլի նպատակն է առավել թիրախավորված աշխատանքի միջոցով խթանել տեխնոլոգիական լուծումների մուտքն ավանդական ոլորտներ»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը:
Ծրագրի բութքեմփի փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներից բացի, աքսելերացիոն փուլին կարող են դիմել նաև նոր մասնակիցներ, այդ թվում՝
- Կանանց կողմից հիմնադրված նորաստեղծ ընկերություններ (առավելագույնը հինգ տարվա գործունեությամբ),
- Կին ձեռներեցների կամ մասնագետների թիմեր, որոնք ունեն սեփական ստարտափը ստեղծելու և հաջողակ բիզնեսի վերածելու պատրաստակամություն,
- Ավանդական ոլորտներում ձեռնարկության հիմնադիր կամ համահիմնադիր կանայք, ովքեր նպատակ ունեն տեխնոլոգիական և նորարարական լուծումները ներդնել իրենց բիզնեսում:
Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կմասնակցեն 16-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին՝ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, որը ներառում է՝
- Մենթորների և փորձագետների հետ հանդիպումներ՝ աճի փուլում գտնվող թիմերի հետ (ՓՄՁ-ներ),
- Բիզնես և տեխնոլոգիական ուղղվածության դասընթացներ՝ համապատասխան սեմինարներով, առաջադրանքներով, անհատական (one-on-one) և մենթորների հետ հանդիպումներով՝ գաղափարի փուլում գտնվող թիմերի հետ։ Ծրագրի ավարտին լավագույն 5 թիմերը կստանան 1 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ իրենց նախագծերը սկսելու կամ զարգացնելու համար», - ասվում է հաղորդագրությունում: