Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարել է երկարաձգել Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը: Այդ մասին կառավարության ղեկավարը հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում։
«Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք: Ամեն դեպքում նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների եւ իրականության հարաբերությունները», - գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Հայաստանի մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել, ինչպես նաեւ հրաժարվել Արյունաբանական կենտրոնում հետագա աշխատանքից ։ Նման որոշման պատճառը, ըստ նրա, այն է, որ Առողջապահության նախարարությունը որոշել է հոկտեմբերի 1-ից խզել աշխատանքային պայմանագիրը Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սամվել Դանիելյանի հետ: Թամամյանից հետո մի քանի տասնյակ բժիշկներ նամակ էին հղել Նիկոլ Փաշինյանին, որում հայտնել էին, որ տնօրեն Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատելու դեպքում կդադարեցնեն աշխատանքը հիվանդանոցում։ Այս կոչին միացել էին նաեւ մեծահասակների համար քիմիաթերապիայի կլինիկայի բժիշկները: