Արմինֆո. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել՝ ի նշան աջակցության տնօրեն Սամվել Դանիելյանին, որի հետ աշխատանքային պայմանագիրը Առողջապահության նախարարությունը չի երկարաձգել:
Ավելի վաղ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել մանկական ուռուցքաբանության և արյունաբանության կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, իսկ այժմ նրան են միացել նաև մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ևս 13 աշխատակիցներ: Որպես հիմնավորում նշվում է, որ Դանիելյանի վերաբերյալ Առողջապահության նախարարության որոշումը անտրամաբանական է և անհիմն։ Ազատման դիմում ներկայացրած աշխատակիցների թվում են կլինիկայի ղեկավարը, բաժանմունքի վարիչը և ուռուցքաբաններ, նրանք բոլորն արդեն հոկտեմբերի 1-ից աշխատանքի դուրս չեն գա։
Ավելի վաղ Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարաձգելու որոշումը վերանայելու խնդրանքով վարչապետին գրավոր դիմել էին հիվանդանոցի 41 աշխատակիցներ:
Հավելենք, որ Սամվել Դանիելյանը Արյունաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի կեսերին: