Արմինֆո.Այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է <Լուսավոր Հայաստան> խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ։
<Համաձայն ականատեսների բռնություն է գործադրվել նաև ոստիկանի վրա: Պետք է հայտնեմ, որ նախորդ օրը գործընկերոջս` Gevorg Gorgisyan-ի հետ եղել ենք Ամուլսարում, զրուցել ենք պաշտպանների հետ: Դիրքերում հերթապահություն էր իրականացնում նաև ՀՀ Ոստիկանությունը, ինչը շատ անհրաժեշտ է, բայց հերթապահող երկու ոստիկանի դիմաց կային պահնորդական 5-6 ծառայողներ: Նշեմ նաև, որ մասնավոր պահնորդները մեր այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում մեզ տեսանկարահանել են, ինչի թույլտվությունը և իրավունքը չունեին:
Երբ անհրաժեշտ է բերման ենթարկել քաղաքացիներին, ոստիկանությունը կուտակում է բավարար ուժեր, բայց երբ անհրաժեշտ է պաշտպանել և կանխել բախումները, երկու ոստիկանը բավարար է համարվում: Սա սխալ է:
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ը պետք է օբյեկտիվորեն քննի բոլոր հանգամանքները, իսկ մեղավորները պիտի ենթարկվեն պատասխանատվության>,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ սկանդալի կենտրոնում էր հայտնվել Lydian Armenia նախորդ պահնորդական կազմակերպությունը ՝ <Հատուկ անվտանգության ծառայություն>ՍՊԸ - ն, որը Ամուլսարում բախումներ էր հրահրել ակտիվիստների վագոն-տնակների ապամոնտաժումից հետո: Հատկանշական է, որ բախումների ընթացքում մի շարք պահնորդներ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով ։ Սեպտեմբերի 1-ին <Լիդիան Արմենիա>-ն հայտնել էր, որ <Հատուկ անվտանգության ծառայության> պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ փոխել է պահնորդական կազմակերպությունը, սակայն իրականում օգոստոսի 28-ի որոշմամբ, ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, վերջինիս լիցենզիայի գործողությունը կասեցվել է՝ հայտնաբերված խախտումների պատճառով:
Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը նախատեսված էր 10 տարի եւ 4 ամիս, ընդ որում, տարեկան կտրվածքով նախատեսվում էր արդյունահանել միջինը 200 հազար ունցիա ոսկի:
Նշենք, որ չնայած "Լիդիան" ընկերության հավաստիացումներին, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծում արդեն ներդրվել է շուրջ 300 մլն դոլար, բնապահպանները չեն կիսում կառավարության հիացմունքը հանքի շահագործման ծրագրի գրավչության վերաբերյալ: Բնապահպանները մտավախություն ունեն, որ հանքավայրի շահագործումը, որի ընթացքում օգտագործվելու է նատրիումի ցիանիդ, կարող է հանգեցնել գետերի ջրի թթվեցման: Աղտոտված ջրերը խմելու եւ ոռոգման համար ոչ պիտանի կդառնան եւ կարող են անուղղելի վնաս հասցնել Ջերմուկի հանքային աղբյուրներին եւ Սեւանի էկոհամակարգին: