Արմինֆո. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ Նշենք, որ այդ լուրերը հերքել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը: Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Թորոսյանն արձակուրդ է գնում օգոստոսի 21-ից մինչեւ սեպտեմբերի 18-ը ներառյալ: Այդ որոշումը օգոստոսի 25-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ "Արձակուրդի ընթացքում Արսեն Թորոսյանին փոխարինելու է առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը",- ասվում է կառավարության որոշման մեջ:
Նշենք, որ հայկական շատ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարական է տվել։ Այս ենթադրությունը, մասնավորապես, հիմնվում է այն բանի վրա, որ նախարարը, որն այդքան ակտիվ օգտատեր Է սոցցանցերում, չգիտես ինչու, ջնջել է Facebook-ի իր օգտահաշիվները, ինչպես ծառայողական, այնպես էլ անձնական:
Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել նաեւ այն մասին, որ Թորոսյանը որոշում է կայացրել հեռանալ պաշտոնից, սակայն վարչապետը մտադիր չէ ստորագրել դիմումը, քանի որ իրավապահներին հանձնարարել է ստուգել կորոնավիրուսի համաճարակի ժամանակ նախարարի կողմից պետական միջոցների վատնման մասին լուրերը: Նշենք, որ հանրությունը նախարարին մեղադրել է նաեւ այն բանի համար, որ նա պետպատվերը բաշխել է իր հարազատներին ու մտերիմ ընկերներին։