Արմինֆո.Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է հայ սպա Գուրգեն Ալավերդյանին տեսակցելու հնարավորություն ստանալու ուղղությամբ։
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ երկխոսություն է հաստատվել երկու կողմերի հետ ՝ Հայաստանի քաղաքացուն տեսակցելու հնարավորություն ստանալու համար: <Մենք աշխատում ենք Ադրբեջանում հայտնված Հայաստանի քաղաքացուն տեսակցելու հնարավորություն ստանալու ուղղությամբ՝ նրա պահման պայմանների եւ նրա հանդեպ վերաբերմունքի մոնիտորինգի, հարազատների հետ կապ ապահովելու նպատակով>, - նշել է Ամատունին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն ՝ վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարությանը, օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ:
ԱԺ <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր Ֆեյսբուքյան էջում արդեն տեղեկացրել է, որ դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ՝ Ադրբեջանի կողմից սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտման հետ կապված: