Արմինֆո. «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է «Սահմանային համայնքների հզորացում» դրամահավաք-արշավը: Այդ մասին հաղորդում է զետեղված հիմնադրամի «Ֆեյսբուքի» էջում:
«Սահմանապահ համայնքները Հայաստանի և Արցախի անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեն, ուստի այդ համայնքներին անվտանգային, տնտեսական և սոցիալական աջակցությունը համազգային առաջնահերթություն է։ Հիմա ավելի, քան երբևէ, Ձեր աջակցությունն անհրաժեշտ է, ինչը կօգնի հզորացնել Տավուշի սահմանային բնակավայրերի ռեսուրսները և կայունացնել համայնքները, ամուր պահել հայրենի հողն ու ջուրը, և, ի վերջո, ապահովել սահմանների անվտանգությունը։
Հավաքագրված ողջ գումարը կուղղվի սահմանային համայնքների ամենահրատապ անհրաժեշտություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրմանը՝ վնասված տների վերակառուցում, համայնքների վերականգնվող էներգիայով և խմելու ջրով ապահովում, տուժած համայնքներին սոցիալական աջակցության ցուցաբերում, սահմանային հիվանդանոցների հզորացում, դպրոցականներին հեռավար կրթության գործիքների տրամադրում։ Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել դրամահավաք-արշավի այս հարթակում` www.himnadram.org/hy: Միացի՛ր համահայկական այս կենսական ձեռնարկին:
Միասին հզորացնենք մեր սահմանապահ համայնքները», - ասվում է հաղորդագրությունում։