Արմինֆո. Չնայած այն բանին, որ ադրբեջանական զինուժի կողմից հրետանային գնդակոծությունը դադարել է, ինչպես նաև նվազել է հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվությունը՝ տեղեկատվական պատերազմը շարունակվում է: Այս մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իջեւանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը ։
Ընդ որում, նա նշել է, որ ֆեյք-օգտատերերի կողմից շարունակում են տարածվել տարատեսակ կեղծ տեղեկություններ, որոնք խուճապ են առաջացնում, ինչպես նաեւ վերլուծական բնույթի տարբեր նյութեր, որոնցում փորձում են գնահատական տալ տեղի ունեցածին: Այս համատեքստում Հովհաննիսյանը կոչ է արել չտրվել այս սադրանքներին և հապճեպ եզրակացություններ չանել, քանի որ դեռ վաղ է ։
Խոսելով ընդհանուր առմամբ առաջնագծում տիրող իրավիճակի մասին ՝ նա ընդգծել է, որ ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումները անհրաժեշտ խորությամբ և ծավալով տեսնում են հակառակորդի գործողությունները։<Հակառակորդը պահպանում է այնպիսի ներուժ, որով կկարողանա մեծ ծավալով սադրանքներ իրականացնել։ Եթե հակառակորդը դիմի սադրանքների կամ ոտնձգությունների, կստանա արժանի պատասխան>, - ասել է Հովհաննիսյանը, միաժամանակ չբացառելով, որ այս երկու օրերի հարաբերական անդորրից հետո հայ - ադրբեջանական պետական սահմանին կրկին իրավիճակը կսրվի:
Ընդհանուր առմամբ գնահատական տալով հակառակորդի գործողություններին՝ Հովհաննիսյանը փաստել է, որ վերջին օրերի իրադարձությունները եւս մեկ անգամ փարատեցին <Ադրբեջանի զինված ուժերի մեծության>, նրանց էլիտար ստորաբաժանումների եւ բարձրակարգ սպառազինության մասին առասպելները, եւ մնում է հույսը դնել միայն ԱԹՍ-ների վրա, որոնք ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում եւ բավական թանկ հաճույք են: