Արմինֆո. Սահմանին լարվածության ներկայիս մակարդակը սպառնում է վերաճել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնածավալ բացահայտ ռազմական բախման։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովը:
"Եթե նախկինում Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում պարապուրդ էր, իսկ խաղաղ կարգավորումը առաջ չէր ընթանում, ապա այսօր արդեն անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հեռու փոխհրաձգությունների առնչությամբ մենք կարող ենք արձանագրել իրավիճակի էական վատթարացում: Ասել է թե՝ խոսքն արդեն բացառապես Ղարաբաղի համար հակամարտության մասին չէ։ Խոսքն Ադրբեջանի հետ Հայաստանի ուղղակի բախման մասին է, ինչը չի բացառում այդ հակամարտության բնութագրերի ընդլայնումը", - ընդգծել է նա։
Ըստ Մուխանովի, այդ մասին է վկայում տարածքային հակամարտության վառ արտահայտված ազգամիջյան բնույթը։ Նրա գնահատմամբ, արդեն հարկ չկա խոսել բացառապես Ղարաբաղի համար հակամարտության մասին՝ այն հատվածներում փոխհրաձգության պայմաններում, որտեղ, պարզապես, կողք կողքի կանգնած են հայկական եւ ադրբեջանական կողմերը։ Հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հասնելու համար գործիքների և մեխանիզմների լիակատար բացակայության պայմաններում։
Գլխավոր քարշակը, իսկ ավելի ճիշտ՝ արգելակը, բանակցություններում փորձագետը համարում է, ըստ էության, հակամարտության լուծման հարցում դրա կողմերի շահագրգռվածության բացակայությունը։ Մուխանովն ընդգծել է ղարաբաղյան թեմատիկայի կենսական կարեւորությունը Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական վերնախավերի համար: Նրա գնահատմամբ՝ Ղարաբաղի հարցում հակասությունները մնում են նրանց քաղաքական կապիտալի լուրջ մասը։
Որպես օրինակ Մուխանովը հիշատակել է 2016 թվին սրված ներքաղաքական իրավիճակը՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամը, 2016-ին Ադրբեջանում ազգային արժույթի անկումը։ Նրա գնահատմամբ՝ այն ժամանակ Բաքվի իշխանությունները հերթական անգամ նախանշեցին ադրբեջանական ժողովրդի թշնամուն՝ ազգն իրենց շուրջ համախմբելու նպատակով։ Փորձագետն ընդգծել է, որ այն ժամանակ 2016-ի ապրիլին դա գերազանց աշխատեց, ինչից հետո ադրբեջանական հասարակությունը հերթական անգամ կենտրոնացավ Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ որոշակի ժամանակահատվածում դադարելով քննարկել երկրի ներսում տիրող իրավիճակը։
"2016 թվականի ապրիլին նավթի գների կտրուկ անկումը եւ, համապատասխանաբար, նախագահ Իլհամ Ալիեւի անկայուն վիճակը հանգեցրեցին հակամարտության լուրջ սրման՝ "քառօրյա պատերազմի": Այսօր կորոնավիրուսի համավարակը լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ ընկղմվելու վտանգ է ստեղծում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար։ Այս լույսի ներքո՝ փամփուշտների, իսկ հիմա արդեն նաև արկերի սուլոցների ուղեկցոությամբ հասարակությանն արտաքին թշնամու առկայության մասին հիշեցնելը կարող է միանգամայն ժամանակին լինել", - ամփոփել է ռուս փորձագետը։